Սովետմիության վերանալուց հետո Կոմպոզիտորների միություն գոյություն չունի.Ստեփան Ռոստոմյան
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով Կոմպոզիտորների միությունում սկսված խմորումներին (42 կոմպոզիտորներ դժգոհություններ ունեն և պահանջում են միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից արտահերթ համագումար հրավիրել) նշեց, որ ով էլ դառնա միության նախագահ, ոչինչ չի կարող փոխել: Ի դեպ, Ստեփան Ռոստոմյանը ներկայացավ որպես մի երրորդ խմբի ներկայացուցիչ, որը ոչ պաշտպանում է Ռոբերտ Ամիրխանյանին, ոչ՝ մյուս կոմպոզիտորներին:
- Ստեղված իրավիճակի հետ կապված ի՞նչ կարող եք ասել:
- Ես նեյտրալ եմ, ո՛չ նրա կողմից, ո՛չ նրանց: Եվ իմ կարծիքով՝ Կոմպոզիտորների միությունը որպես այդպիսին շուտվանից չկա՝ Սովետմիության վերանալուց հետո էդ բանը գոյություն չունի: Դա միայն Կոմպոզիտորների միությանը չի վերաբերում, բոլոր ստեղծագործական միություններին: Դա ֆորմալ բնույթ է կրում, եթե ինքը չի ֆինանսավորվում, չունի այն ֆունկցիաները, որոնք նախկինում կատարում էր, ինքը արդեն ձևական մի բան է, էլի:
Եվ ում էլ դնեք նախագահ, այստեղ անձի խնդիրը չէ,եթե Կոմպոզիտորների միության ձևն ու բովանդակությունը փոխվել է, հասկանո՞ւմ եք: Ես Ամիրխանյանի մեծ սիրահարը չեմ, որովհետև հաստատ լավ կլիներ, որ մեկը գար ու ինչ-որ բան փոխեր, բայց էնքան եմ հասկանում, որ էդ մեկը, ով էլ փոխվի, որևէ բան չի կարողանալու անել: Ոչ մեկը:
- Շատ լավ, բայց ամեն դեպքում մարդիկ պահանջում են համագումար՝ նշելով, որ դա կանոնադրության խախտում է:
- Լավ են անում, պահանջում են, բայց, կրկնում եմ՝ եթե իրենց թվում է՝ խնդիրները անձի հետ են կապված, սխալվում են, եթե պատկերացնում են, որ անձը գա պետք է ամեն ինչ փոխվի, որովհետև էդ բանը որևէ մեկը չի կարող փոխել: Ես միության անդամ լինելով, արդեն մի տասնըքանի տարի է՝ չեմ առնչվում:
- Ամեն դեպքում, եթե մի կառույց 22 տարի մի մարդ ղեկավարի, այդտեղ լճացում չի՞ սկսվի:
- Էն ժամանակ 25 տարի Էդուարդ Միրզոյանն էր ղեկավարում, բայց լճացման մասին չէր խոսվում ու ծաղկում էր. Սովետական միություն էր, ահռելի մեծ ֆինանսավորում կար և դրա փոփոխությունը բոլորն իրենց մաշկի վրա զգում են: Նույն Դիլիջանն է (Կոմպոզիտորների միության հանգստյան տունը) հազար պատմություններ կան, բայց այդ հարցերը շատ թե քիչ Ամիրխանյանը իր կապերով, ոչ թե ես նրա կողմից եմ կամ ընկերը, բայց լուծում է, և ինչ-որ աննշան շարժեր կան:
Դիլիջանի քոթեջները քանդվում են, դրա համար միլիոնավոր ներդրումներ են պետք: Պետությունը դրան չի մասնակցելու, որովհետև էդ դոտացիա, մնացած բաները վերացել են, ո ո՞վ է էդ փողը տալու: Կամ էլ՝ ով որ փողը տա, կտա պայմանով, որ ստեղծագործական տունը սեփականաշնորհվի, ինքն էլ դառնա դրա տերը:
- Բայց կարծես Գրողների միությունը Ծաղկաձորում գտնվող իր ստեղծագործական տան խնդիրը շատ նորմալ լուծել է: Ե՛վ վերանորոգված է, և՛ գրողներն են որոշակի «քվոտաներով» հանգստանում:
- Գրողների միության ստեղծագործական տունը տենց ահռելի բան չի, մեծ դահլիճով, 24 հատ դահլիճով… էդ խեղճ տարածքում մեր մեծերն են աշխատել, համաշխարհային մեծության կոմպոզիտորներ: Ես երբ մեկ-մեկ մի քանի մարդ եմ տանում փառատոնի շրջանակներում , մարդիկ , որոնց կյանքի մի մասն այդտեղ է անցել, իրենք լացել են էդ բարձիթողի վիճակից: Բայց ես դրա համար չեմ կարող մեղադրել Ռոբերտ Ամիրխանյանին, թե ինչու չի անում: Կամ Կոմպոզիտորների միությունը, որտեղ պետք է համերգներ անեն, ինչ-որ մի փոքր մաս նախագահը փող է տալիս, բայց դա այնքան չնչին է, որ դրանով ինչ-որ մի բան փոխվի:
Մի բան ասեմ, որ պատկերացնեք իրավիճակը. արդեն մոտ 15-20 տարի է՝ Մշակույթի նախարարությունը որևէ գործ չի պատվիրել Կոմպոզիտորների միությանը, որևէ սիմֆոնիա, կոնցերտ: Դրանք չեն գրվում, որովհետև պատվիրատու չկա: Կոմպոզիտորական աշխարհը մեռնում է, որովհետև ֆինանսավորում չունի: Եվ դա, կրկնում եմ, ոչ ոք չի կարող փոխել:
- Ներողություն, իսկ կարող եք ասել՝ մեկ սինֆոնիայի կամ կոնցերտի պատվերը որքան գումարի շրջանակներում է:
- Եթե խոսքը Հայաստանից ֆինանսավորման մասին է, նախկինում, եթե սիմֆոնիա էր պատվիրվում դա մոտ 5- 6 հազար ռուբլի էր, բայց էդ փողով մարդը կարողանում էր մի մեքենա առնել, էդքան թանկ էր: Մեր սիմֆոնիաների մեծամասնությունը գրվել է հենց Մշակույթի նախարարության փողերով. նույն Տերտերյանը, նույն՝ Միրզոյանը, Լազեր Սարյանը և այլք: Թե՛ սիմֆոնիա, թե՛ օպերա, բոլորը պատվիրվում էին, որովհետև մարդը չի կարող աբստրակտ նստել, մի հատ սիմֆոնիա գրել: Պատվիրատու պետք է լինի, որ դա կատարվի, գրվի, հետո՝ բեմադրվի, բեմ դուրս գա: Հիմա այդ գումարը կարծում եմ՝ մաքսիմում մինչև 10-15 000 հազար դոլար է: Նայած՝ ում են պատվիրում, որովհետև այդտեղ նաև կոմպոզիտորի մեծության մասին է խոսքը: Մի բան է պատվիրել Տիգրան Մանսուրյանին, մեկ այլ բան՝ որևէ այլ մեկին, սկսնակ կոմպոզիտորին:
- Իսկ դրսից չկա՞ն մշակութային կառույցներ, հիմնադրամներ, որոնք կարող են և իջեցնում են նման պատվերներ:
- ՉԷ, էդպիսի բան չկա, դուրսը չի ֆինանսավորում Հայաստանը: Այսօր այնքան քիչ կոմպոզիտոր կա Հայաստանում, որոնք իրենց փեշակով կարող են մի կտոր հաց առնել, պիտի շատ մեծ լինես, որ կարողանաս դրսի աշխարհի հետ աշխատես, քեզ պատվերներ տան, ու դու կարողանաս ստեղծագործել: Այսօր Հայաստանում մատների վրա հաշված կոմպոզիտորներ կան, որոնք ուղիղ կապված են դրսի աշխարհի հետ՝ մենեջերների, ագենտների հետ: Եվ կարողանում են իրենց հացն աշխատել իրենց գրիչով, բայց նրանք հաստատ 130 հոգի չեն, ոչ էլ՝ 60 -70:
Հիմա, տեսեք, դրսում կոմպոզիտորների միություններ համարյա թե գոյություն չունեն: Բայց այնտեղ դա փոխհատուցվում է ուրիշ բաներով … Եվ այն չնչին գումարները, որոնք մեկ-մեկ նախագահը, իր, ոնց որ ասած՝ նախագահական օգնությունները բերում է Կոմպոզիտորների միությանը, փոքր կոնցերտներ և այլ, բայց դա չի կարող լինել ֆունդամենտալ մի բան, որով ոլորտը կարգավորվի: Իսկ որ գործեր չեն պատվիրվում, դա ահավոր մի բան է: Հասկանո՞ւմ եք, գրողը կարող է մի փոքր բան գրել, անգամ՝ գիրք, ու էդ գիրքը վերջանա, գնա, բայց մինչև սիմֆոնիա ու օպերա գրելը, մինչև բեմ բարձրանալը դա մի հատ մեծ բան է:
- Իսկ կոմպոզիտորները չե՞ն փորձում իրենց օրվա հացի խնդիրը լուծել երգերի համար երաժշտություն գրելով:
- Մեկը ստեղծված է երգ գրող, բայց սիմֆոնիա գրող մարդը, որը երգի ժանրի մեջ չկա, ինքը փորձի երգ գրել, որ կարողանա ապրի՞: Բայց հիմա երկրի մեջ կոմպոզիտորության վիճակը դարձել է լրիվ ավելորդ մի բան, և այս աղբակույտը, որ լցվում է հեռուստատեսություն: Եվ հետո, պրոֆեսիոնալ կոմպոզիտորը երգ չի գրում:
Նախկինում Կոմպոզիտորների միությունը, որը Ստալինի կողմից էր թե՛ երգ գրողի, և թե՛ սիմֆոնիա գրողի համար, դա անում էր, դա մեծ խթան էր և նախկինում Հայաստանից մինչև Վլադիվոստոկ այդ ցիկլը կար, իսկ այսօր լավագույն դեպքում կարող է հրատարակվել (կոմպոզիտորի ստեղծագործությունը)։
Հիմա այս ամենը չկա, պետությունը փողը չի տալիս, մնացել են ժառանգություն շենքեր, որի համար էլ սկսվել են էս գզվռտոցները: Սա աթոռակռիվ է, իրենց թվում է, կարող են գալ, Դիլիջանը վերցնել, կամաց-կամաց կոմերչեսկի օգտագործել, վարձով տալ: Պրիմիտիվ ձգտումներ են:










