Բեն Աֆլեքն առաջին անգամ խոսել է Բեթմենի դերի մասին
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը, որն ընտրվել է «Պողպատե մարդը» ֆիլմի շարունակությունում Բեթմենի դերի համար, «Ուշ գիշերը Ջիմի Ֆելոնի հետ» շոուի ընթացքում առաջին անգամ պատմել է, թե ինչպես է նա իրեն տեսնում այդ դերում և ծիծաղել իր հասցեին հնչած քննադատության վրա, գրում է filmpro.ru-ն։
«Ինձ պարզապես հրավիրել են հանդիպման և հարցրել, թե կցանկանայի արդյոք խաղալ այդ հերոսի դերը։ Ես մտածեցի, որ արդեն երիտասարդ չեմ այդ դերի համար։ Սակայն ինձ ներկայացրին այն, ինչ նախատեսում են անել նոր ֆիլմում, և դա հիանալի էր։ Զակ Սնայդերն այլ կերպ է նայում այս պատմությանը։ Եվ ինձ թվում է՝ ես գիտեմ ինչպես խաղալ այդ դերը»,- ասել է Բեն Աֆլեքը։
Դերասանը մեկնաբանել է նաև Բեթմենի երկրպագուների քննադատությունների և վիրավորանքների ալիքը, որոնք նրան այդ դերի համար բացարձակ անհամապատասխան են համարում։
«Ես օրինակներ գիտեմ, երբ տարբեր հերոսների երկրպագուներ, ըստ իրենց, անհամապատասխան դերասանի ընտրության համար կոչ են անում նույնիսկ սպանել։ Ես արդեն հասուն տղամարդ եմ, և ինքս կարող եմ պարզել ամեն ինչ, ինձ մոտ ամեն ինչ հսկողության տակ է»,- ավելացրել է դերասանը։










