Բրազիլացի ցանցահենները սխալմամբ կոտրել են ՆԱՍԱ-ի կայքը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության կայքի փոխարեն
Բրազիլացի ցանցահեններն ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կայքի (NSA) փոխարեն սխալմամբ կոտրել են ՆԱՍԱ-ի կայքը (NASA)՝ ԱՄՆ-ի կողմից բրազիլական կառավարական կայքերը կոտրելուն ի պատասխան, հայտնում է Business Insider-ը:
Բրազիլական լրատվամիջոցների համաձայն՝ մի շարք ակտիվիստներ այս քայլով իրենց բողոքն են արտահայտել ԱՄՆ-ի կողմից իրականացվող գաղտնալսման կապակցությամբ, սակայն սխալվել են: Նրանք կոտրել են ՆԱՍԱ-ի մի շարք կայքեր և հաղորդագրություն թողել՝ ասելով. «Բավական է լրտեսեք մեզ»:
Իրենց հաղորդագրության մեջ ցանցահենները կոչ են արել ԱՄՆ-ին նաև չհարձակվել Սիրիայի վրա:
Ակտիվիստների հարձակումները կայքերի վրա հետևել է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի տեղեկությանն այն մասին, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի էլեկտրոնային փոստն ու հեռախոսազրույցները:
Հիշեցնենք, որ նույն տեղեկությունների ֆոնին Դիլմա Ռուսեֆը հետաձգել է իր այցելությունը ԱՄՆ՝ բացատրություն պահանջելով գաղտնալսման համար:










