Քաղաքականին կհետևեն իրավական պրոցեսները.Դ.Հարությունյանը ՄՄ-ին անդամակցելու գործընթացների մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շատ հստակ քաղաքական հայտարարություն է եղել, որին կհետևեն իրավական պրոցեսները: Այս մասին Tert.am-ին ասաց Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, որ ոմանք կասկածի տակ են դնում ՄՄ-ին անդամակցելը այն առումով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և միայն հայտարարություն է հնչել:
«Երկրում, որտեղ խորհրդարանում իշխում է նույն քաղաքական ուժը, որը ներկայացնում է ՀՀ նախագահը, ես կարծում եմ՝ պետք է աշխատանքը ընթանա իրավական հունով, որպեսզի կյանքի կոչվեն քաղաքական հայտարարությունները»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը հայտարարել էր. «Չեմ կարծում, թե փոփոխություններ կլինեն, քանի որ սա դեռ դեկլարացիա է, պարզ չէ՝ էպոպեան ինչով կավարտվի: ՀՀ իշխանությունները պատմության մեջ կմտնեն դեկլարացիաների և իմիտացիաների իշխանություն անվամբ: Ասում են՝ ՄՄ-ին են միանում, որից հետո դիվանագետները շարունակում են խոսակցությունը, ուզում են թուղթ ստորագրել: Պարզ չէ, թե այս իրավիճակը ինչով կավարտվի»:
Նշենք, որ «ժամանակն» էլ տեղեկացրել էր, որ ըստ իր հավաստի աղբյուրների՝ հնարավոր է, որ Հայաստանը չանդամակցի ՄՄ- ին:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ այս ուղղությամբ Հայաստանի հաջորդ քայլը պետք է լինի պայմանագրերի բանակցումն ու պատրաստումը, ապա՝ ՀՀ խորհրդարանի կողմից ՄՄ-ին անդամագրվելու հետ կապված իրավական ակտերի հիման վրա մշակված միջազգային պայմանագրերը:










