Երևանում մեկնարկել է «Կաթվածի բուժումը» գիտաժողովը

16:00 • 18.09.13

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է «Կաթվածի բուժումը» գիտաժողովը, որի նպատակն է միջազգային առաջատար փորձի ներդրումով Հայաստանում կիրառել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները։ 


Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասել է.«Այս գիտաժողովն առաջին հերթին կարևորվում է հենց նրանով, որ «թևակոխում ենք մի նոր փուլ` նպատակ ունենալով միջազգային առաջատար փորձի ներդրումով Հայաստանում ստեղծել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների մասնագիտացված տարածաշրջանային կենտրոն, որը կարող է սպասարկել ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների ազգաբնակչությանը»։


Նախարարը նաև նշել է, որ այս ոչ դյուրին ուղին հաղթահարելու գործին կրկին աջակցելու պատրաստակամություն են հայտնել միջազգային ճանաչում ունեցող, ներկայումս ԱՄՆ-ի ու Կանադայի առաջատար բժշկական հաստատություններում աշխատող մեր գործընկերները»:


Դերենիկ Դումանյանը վստահություն է հայտնել, որ գիտաժողովը լուրջ խթան կհանդիսանա գլխուղեղի կաթվածների բուժման գոյություն ունեցող ժամանակակից նորամուծությունները և գիտական նվաճումները մեր երկրում, մասնավորապես, ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության կլինիկայում ներդնելու, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման գործում։


Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտի ընդհանուր և անոթային նյարդավիրաբուժության մասնագետ, Մերսերի համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ Արթուր Գրիգորյանի, Վարուժան Կոստանյանի, ինչպես նաև ամերիկացի գործընկերների աջակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրում հիմնադրվեց անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոն` հագեցված ժամանակակից սարքավորումներով և արտերկրում վերապատրաստված մասնագետներով: