Թայֆունից հետո կրկին վնասված «Ֆուկուսիմա-1»-ից 1000 տոննա ռադիոակտիվ ջուր է լցվել օվկիանոս
Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը սպասարկող TEPCO ընկերության մասնագետները հայտնել են, որ նոր հայտնաբերված արտահոսքի պատճառով ստիպված են եղել օվկիանոս լցնել առնվազն 1000 տոննա աղտոտված ջուր, հայտնում է Russia Today-ը:
Ատոմակայանն այս անգամ վնասվել է «Ման-Յի» թայֆունի հետևանքով, որից հետո էլ հայտնաբերվել է արտահոսքը: Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով՝ աշխատակիցները փորձել են արտամղել ռադիոակտիվ ջրով լի ցիստեռնից արտահոսող ջուրը, որը վնասվել էր թայֆունի հետևանքով, սակայն ավելի ուշ որոշել են այն ծովը լցնել:
«Ման-Յի» թայֆունի պատճառով TEPCO օպերատոր-ընկերության աշխատակիցները ստիպված են եղել նաև հետաձգել մի շարք միջոցառումներ, որոնք մտադիր էին իրականացնել ատոմակայանում այս շաբաթ:










