Թունավոր գազով հրթիռներն արձակվել են Ասադի բանակի ռազմաբազայից. Human Rights Watch

12:00 • 18.09.13

Human Rights Watch (HRW) կազմակերպությունը, ուսումնասիրելով ՄԱԿ-ի փորձագետների զեկուցը, եկել է այն եզրահանգման, որ թունավոր գազով հրթիռներն արձակվել են Բաշար ալ-Ասադի բանակի ռազմաբազայից, տեղեկացնում է Взгляд-ը։

 

HRW-ն, օգտագործելով ՄԱԿ-ի ներկայացրած տվյալները, կարողացել է ճշգրիտ որոշել ռազմաբազայի տեղանքը, որտեղից հրթիռներն արձակվել են բնակավայրի ուղղությամբ։

 

Թռիչքի հետագիծը ենթադրում է, որ այն արձակվել է հանրապետական գվարդիայի 104-րդ բրիգադի կողմից։ Ռազմաբազան տեղակայված է եղել Դամասկոսի հյուսիսում գտնվող նախագահական նստավայրից ոչ հեռու և պատկանել է Բաշար ալ-Ասադի զինվորներին։

 

Միևնույն ժամանակ HRW-ն նշել է, որ ՄԱԿ-ը փորձել է ուսումնասիրել ևս երեք հրթիռների հետագծերը, սակայն դրա համար բավարար տվյալներ չեն եղել։
 

ՄԱԿ-ի փորձագետները երկուշաբթի ներկայացրել էին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին զեկույցը և հաստատել քիմիական զենքի օգտագործման փաստը։

 

Սակայն մեղավորներին հայտնաբերելու համար ևս մեկ հետաքննություն է անհրաժեշտ, քանի որ առկա փաստերը բավարար չեն իշխող ռեժիմին մեղավոր համարելու համար։