Իջևանում 47-ամյա տղամարդը սպանել է եղբորը և դին թաղել այգում

15:02 • 18.09.13

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13.50-ին, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ Խոջայանին, տեղեկացնում է ոստիկանության կայքը:


Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը, մոր` 1938 թ. ծնված Փառանձեմ Խոջայանի ներկայությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր` 1970թ. Հարություն Խոջայանի հետ, որի ընթացքում աթոռի կոտրված մասով հարվածներ է հասցրել նրա գլխին։


Հարություն Խոջայանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքը թաքցնելու նպատակով, նույն օրը, ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Գառնիկ Խոջայանը եղբոր դիակը թաղել է իրենց տանը կից այգում:


Հարություն Խոջայանի դիակը այգու վերջնամասից հայտնաբերվել և տեղափոխվել է դիահերձարան: Հանգամանքները պարզվում են:


Գառնիկ Խոջայանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: