ՌԴ փոխարտգործնախարարը բանակցել է Բաշար ալ-Ասադի հետ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, տեղեկացնում է Взгляд-ը։
Երեկ Ռյաբկովը երկարատև բանակցություններ էր անցկացրել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի հետ, որի ընթացքում հիմնականում քննարկվել է սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու ռուս-ամերիկյան նախագիծը։
Հաղորդվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և Դամասկոսը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը քիմիական զենքի պաշարների մասին տվյալներ հաղորդելուն։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փորձագետները երկուշաբթի ներկայացրել էին օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման մասին զեկույցը։ Փորձագետների համաձայն՝ օգտագործվել են «երկիր-երկիր» տիպի հրթիռներ՝ զարինով։ Ի դեպ, բացառված չէ, որ դրանք կարող են նաև ինքնաշեն եղած լինել։










