Transparency International-ը կոռուպցիայի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել. Հայաստանն ու Ադրբեջանը ներառված չեն

14:50 • 18.09.13

Պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակում (TI-DSP) Transparency International կազմակերպության փորձագետները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում հրապարակել են պաշտպանության ոլորտում երկրների կոռուպցիոն մակարդակի վարկանիշային աղյուսակը։ Ցուցակում, ի դեպ, տարածաշրջանի երկրներից ներառված չեն միայն Հայաստանն ու Ադրբեջանը։

 

Ինչպես տեղեկացնում է transparency.org կայքը, զեկույցի հեղինակները նշում են, որ աշխարհի երկրների մեծ մասի խորհրդարանները չեն կարողանում արդյունավետ վերահսկել պաշտպանության նախարարության աշխատանքը։

 

Զեկույցում ներառված է 82 երկիր, որոնք բաժանվել են A, B, C, D (D+,D-), E, F խմբերի՝ հաշվի առնելով այդ երկրների խորհրդարանների իրականացրած վերահսկողությունը պաշտպանության նախարարության ու զինված ուժերի գործունեության նկատմամբ։

 

Արդյունքում պարզվել է, որ դրանց 2/3-րդ մասն ի վիճակի չէ արդյունավետ վերահսկում իրականացնել, իսկ զենք մատակարարող խոշորագույն երկրների 70%-ն իրենց օրենքներում տեղ են թողնում կոռուպցիայի համար։

 

Անդրադառնալով մեր հարևաններին՝ պետք է նշել, որ Վրաստանը գտնվում է կոռուպցիոն բարձր ռիսկ ունեցող D- խմբում, որտեղ ներառված են նաև Ռուսաստանը, Թուրքիան։ Իսկ ինչ վերաբերվում է Իրանին, ապա այն հայտնվել է էլ ավելի բարձր կոռուպցիոն ռիսկեր ունեցող E խմբում։

 

Զեկույցի հեղինակներն ամենացածրն են գնահատել Ավստրալիայի ու Գերմանայի պաշտպանության նախարարությունների կոռուպցիոն ռիսկերը։ A խմբին հաջորդում է B-ն, որտեղ ներկայացված են Ավստրիան, Նորվեգիան, Հրվ. Կորեան, Շվեդիան, Թայվանը, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն։

 

Իսկ վարկանիշային աղյուսակի ամենաստորին հատվածում են գտնվում Ալժիրը, Անգոլան, Կամերունը, Կոտ դ՛Իվուարը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Էրիթրեան, Լիբիան, Սիրիան և Եմենը։

 

Ընդհանուր առմամբ, պաշտպանության ոլորտում կոռուպցիայի ծավալը տարեկան կազմում է 20 մլրդ դոլար։