Հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կրկին օրակարգում է

13:37 • 18.09.13

Մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի կողմից հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կրկին օրակարգում է: Tert.am–ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, ըստ էության, չբացառեց այս սցենարը, ասելով.«Դա արդեն հանձնաժողովը, երբ արդեն առաջարկություններ ներկայացվեն, ըստ այդմ կորոշվի՝ հիմա տրանսպորտը 100 դրամ է»:


Նշենք, որ «Արմինֆո» գործակալությունը, հղում անելով Երևանի քաղաքապետարանի իր անանուն աղբյուրին, տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ից հետո կհայտարարվի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին: Մասնավորապես, նշվում է երթուղային տաքսու ուղեվարձ կդառնա 200 դրամ, ավտոբուսի դեպքում՝ 250 դրամ, իսկ տրոլեյբուսինը՝ 100 դրամ:


Քաղաքապետարանի պաշտոնյան «Արմինֆոին» նաև ասել է, թե այս անգամ քաղաքացիական հասարակության և ակտիվիստների ակցիաները որևէ բանի չեն հանգեցնի, քանի որ որոշումը կայացվել է նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով:


Արթուր Գևորգյանը, ի պատասխան, որպես մեկնաբանություն ասաց.«Ես չգիտեմ՝ ի՞նչ աղբյուրներ են, եթե այդ աղբյուրները հավաստի աղբյուրներ են, թող անանուն չասեն: Հանձնաժողովը ստեղծվում է հենց նրա համար, որ ինքը ընտրի այն չափորոշիչները, որոնց մեր հասարակությունը ցանկանում է, որ հասարակական տրանսպորտը համապատասխանի: Բնակիչների անվտանգության հետ կապված հարցեր, սպասարկման որակ և այլն և դրանց շրջանակներում էլ քննարկի ուղևորափոխոդրումների ձևավորման հաշվարկները»:


Հիշեցնենք, որ Tert.am–ը մի քանի օր առաջ հնարավոր էր համարել տրանսպորտի ուղեվարձի գնի վերանայումը՝ ներկայացնելով, որ Երևանի ավագանու կողմից օրերս հաստատված հանրային լսումներ կազմակերպելու ու դրանց կարգը հենց այս խնդրին է վերաբերելու:


«Բարև Երևան» դաշինքի Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանն այս կապակցությամբ ասել էր.«Իհարկե, անավարտ է մնացել տրանսպորտի խնդիրը, հետևաբար, այն կարող են վերաթարմացնել»։ Ինչը չէր բացառել նաև «Բարգավաճ Հայաստանի» Երևանի քաղաքապետարանում ավագանու անդամ Թամար Պողոսյանը:
 

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը, քաղաքապետարանում արդեն իսկ ստեղծվել է։ Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ։

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, սակայն, փոխանցեց, թե հանձնաժողովի ձևավորման աշխատանքները դեռ ձևավորման փուլում են, ուստի չնշեց, թե ովքեր են ընդգրկված դրանում:


«Հանձնաժողովը երբ կձևավորվի, ինքը կընտրի և՛ նախագահ, և՛ մնացածին»,- ասաց Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ հանձնաժողովում ընդգրկված են լինելու նաև Երևանի ավագանու անդամներ:


«Դեմ ենք ուղեվարձի թանկացմանը» նախաձեռնության ակտիվսիտներից Կարեն Հարությունյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման գործողությունը ժամանակավորապես կասեցնելու ժամանակ դեռ ամենաառաջին օրվանից նկատի ունեին այն հանգամանքը, որ որոշումը ժամանակավոր է և այն վերանայելու փորձեր կարվեն:


«Ու էդ հանձնաժողովի նպատակը այդ սպասվելիք թանկացումը «հիմնավորելու» ինչ-որ մի ավելի «ազդու» մեխանիզմներ մշակվեն: Մեկ էլ էն ա, որ մտածեն, թե ինչ ձևով են պայքարելու ժողովրդի դեմ»,- ասաց Կարեն Հարությունյանը՝ ավելացնելով, որ կքննարկվի և կմշակվի գործողությունների ծրագիր: