ԱՄՆ-ն Իրանից կառգրավի նյույորքյան երկնաքերը
ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են առգրավել և վաճառել Մանհեթենում գտնվող 36-հարկանի երկնաքերը, որի գաղտնի տերը, պարզվում է, Իրանի կառավարությունն է, գրում է Взгляд-ը՝ վկայակոչելով ամերիկյան արդարադատության վարչության հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ դա «պատմության մեջ ամենախոշոր առգրավումն է՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ»:
Դատարանը որոշում է կայացրել հօգուտ առգրավման, քանի որ համարել է, որ շենքի սեփականատերերը խախտել են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև փողերի լվացման դեմ օրենքները:
Ամերիկյան դատախազության տվյալներով՝ շենքի սեփականատերեր Alavi Foundation-ը և Assa Corporation-ը երկնաքերից ստացվող եկամուտները փոխանցում են Իրանի ազգային բանկին:
Այս վիճելի երկնաքերը կառուցվել է 1970-ական թվականներին ոչ առևտրային կազմակերպության կողմից, որը ղեկավարել է Իրանի շահը: 1979 թվականի հեղափոխությունից հետո շենքն օտարվել է Իրանի նոր իշխանություններին:










