Կարդիֆում անցկացված թատերական փառատոնին Հայաստանը ներկայացել է «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումով
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում կայացած «Աշխարհի բեմական ձևավորում» փառատոնին Հայաստանից մասնակցում էր դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի ստեղծագործության հիման վրա Նարինե Գրիգորյանի բեմադրած «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը:
«Փառատոնն ուներ լայն ընդգրկվածություն,- Tert.am-ի հետ զրույցում նշեց տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը,- մասնակցում էր 50 երկիր: ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն էր և Ռուսաստանը: Այս փառատոնն արդեն 3-րդ անգամ է անցկացվում: Առաջինը տեղի է ունեցել Կանադայի Տորոնտո քաղաքում, իսկ 2-րդը՝ Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում»:
«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը եզրափակել է փառատոնը: Սովորաբար փառատոների բացման և փակման պատվին արժանանում են լավագույն ներկայացումները: Հայկական թատերախումբը Մեծ Բրիտանիա մեկնել էր Մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ին:
«Անգլիացի հանդիսատեսը զուսպ հանդիսատես է, սակայն նրանք մեզ լավ ընդունեցին,-ասաց բեմադրիչ և գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանը,- դա զգացվում էր նրանից, որ ներկայացումը մեկ անգամ դիտած հանդիսատեսը հետո իր ծանոթին խորհուրդ էր տալիս անպայման գնալ և դիտել «Թռիչքը»: Փառատոնի շրջանակներում մենք երկու անգամ ենք խաղացել՝ ցերեկային և երեկոյան ժամերին»:
Ռուբեն Բաբայանի փոխանցմամբ «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը դիտել է նաև Կարդիֆի 30 հոգանոց հայ համայնքը:










