Իրանը միջուկային զենք չի ունենա. Ռոհանի

10:28 • 19.09.13

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ իր երկիրը երբեք միջուկային զենք չի ունենա։ Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այդ մասին Ռոհանին ասել է ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 

Նա նաև կարծում է, որ Մերձավոր Արևելքի բոլոր պետությունները, որոնք զանգվածային ոչնչացման զենք ունեն, պետք է ոչնչացնեն այն։


«Մենք մեկն ենք այն պետություններից, որոնք կողմ են խաղաղությանը, կայունությանը և ողջ տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքը վերացնելուն։ Մենք հետաքրքրված ենք միջուկային տեխնոլոգիաները միայն խաղաղ նպատակներով օգտագործելու հարցով»,-ասել է նա։

 

Ռոհանին, սակայն, ուղղակի պատասխան չի տվել հարցին, թե արդյոք Իրանը կարո՞ղ է երաշխավորել, որ Սիրիան ամբողջությամբ կհրաժարվի ունեցած քիմիական զենքից։ «Մենք սիրիական կառավարությունը չենք»,-ասել է նա։

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք նա որպես թուլության նշան է համարում այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվեց Սիրիային մոտ ապագայում հարված հասցնելու մտքից, Ռոհանին ասել է, որ հակառակն է. «Թուլության դրսևորում է այն, երբ որևէ կառավարություն կամ վարչակազմ շտապում է պատերազմել»։