Facebook-ի «հավանելու» նշանը ճանաչել են խոսքի ազատության մաս

09:46 • 19.09.13

Facebook սոցիալական ցանցում հաղորդագրության ներքևում «հավանելու» նշանը սեղմելը խոսքի ազատության դրսևորում է և պաշտպանվում է ամերիկյան սահմանադրությամբ: Նման եզրահանգման է եկել ԱՄՆ-ի Վերաքննիչ դատարանը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Դատարանը քննել է Վիրջինիայի բնակչի հայցը, ով աշխատել էր տեղի շերիֆի մոտ: Հայցվորի կարծիքով՝ իրեն աշխատանքից հանել են, քանի որ նա «հավանել» էր իր ղեկավարի քաղաքական ընդդիմախոսին, մինչդեռ նա ընդամենն օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից:

 

«Եթե օգտատերը «լայքում» է քաղաքական գործչի ընտրարշավի էջը, նա իր հավանությունն է հայտնում այդ թեկնածուին, իսկ ընտրարշավը ստանում է օգտատիրոջ աջակցությունը»,- ասված է դատարանի բնորոշման մեջ: