Ռուսներն ավելի լավ տիրակալի են արժանի. Մաքքեյնը պատասխանել է Պուտինի հոդվածին
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մաքքեյնը պատասխանել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի` ամերիկացիներին ուղղված հոդվածին: Նա իր հոդվածը տպագրել է «Պրավդա»-ում, հայտնում է The Guardian-ը:
Հոդվածում Մաքքեյնը Պուտինին անվանել է բռնակալ ու հայտարարել, թե «ռուսներն ավելի լավ տիրակալի են արժանի»: Նա Պուտինին մեղադրել է նաև կոռուպցիայի, բռնաճնշումների և երկիրը ղեկավարելիս շահադիտական նպատակներով առաջնորդվելու համար:
«Նա չի նպաստում, որպեսզի աշխարհում Ռուսաստանի հեղինակությունը դրական լինի: Նա խարխլում է այդ հեղինակությունը: Նա Ռուսաստանը դարձրել է բռնակալների բարեկամ, հալածվածների թշնամի և անհուսալի դաշնակից այն երկրների համար, որոնք ձգտում են առավել անվտանգ ու բարգավաճ դարձնել աշխարհը», - ասել է Մաքքեյնը:
Ամերիկացի պաշտոնյան քննադատել է նաև գեյ-քարոզչության դեմ օրենքը, Մագնիտսկու գործով դատավարությունը և Pussy Riot-ի անդամների բանտարկությունը:
Անցած շաբաթ Պուտինը հոդված էր հրապարակել New York Times-ում, որում ԱՄՆ-ին խորհուրդ էր տվել ինքն իրեն իբրև «բացառիկ տերության» չվերաբերվել: Դրանից հետո սպասվում էր ամերիկացիների արձագանքը:










