Կահիրեի արվարձանում բախվել են կառավարական ուժերն ու զինյալները

11:09 • 19.09.13

Կահիրեի արվարձաններից մեկում Եգիպտոսի անվտանգության ուժերը բախվել են զինյալների հետ, ինչի հետևանքով ոստիկան է սպանվել, հայտնում է BBC-ն:

 

Վաղ առավոտյան ուժայինները գնացել են Քերդասա արվարձան, որտեղ, ըստ նրանց, քրեական և ահաբեկչական տարրերի որջ է: Այնտեղ նրանք խուզարկումներ են անցկացրել «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների տներում, որոնք սատարում են ամիսներ առաջ իշխանությունից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին: Դրա հետևանքով բախումները չեն դադարում: Նախօրեին Քերդասայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել:

 

Անցած ամիս Քերդասայի ոստիկանական բաժանմունքում 11 ոստիկան էր սպանվել: Իշխանությունները խոստացել էին արձագանքել այդ հարձակմանը:

 

Մուրսիի հեռացումից հետո առնվազն 1000 մարդ է սպանվել Եգիպտոսում, այդ թվում` հարյուր ոստիկան: