Վաղուց կորսված համարվող բացառիկ ժայռակերտ հայկական վանքը` լուսանկարներով
Ներկայիս Թուրքիայի Չուքուրայվա գյուղի մոտ (Մեծ Հայքի Այրարատ նահանգի Քափազենք շրջան) գտնվող, սակայն մոռացված ու կորսված համարվող Ձարաքարի (Ծառաքարի) ժայռակերտ վանական համալիրի լուսանկարներն է հրապարակել peopleofar.wordpress.com-ը` կից տեղեկություններով:
Ըստ այդմ` ժայռակերտ վանքի էքստերիերն անդառնալիորեն կորսված է, մնացել են միայն ինտերիերները: Ներսում հայտնաբերվել է նաև 3 մեծ արձանագրություն, որոնցից մեկը թվագրվում է 952-ով, արված է հոգևոր առաջնորդ Տիրանի կողմից:
Համալիրն ունի եկեղեցի, առնվազն 6 զանգակատուն, օժանդակ կառույցներ: Միջնադարյան հայտնի եկեղեցին վերջնականապես լքվել ու մոռացվել էր 1829-1830 թթ` բնիկ հայերի զանգվածային տեղահանության հետևանքով` այն աստիճանի, որ 19-րդ դարի պատմիչները ենթադրություններ էին հայտնում դրա գտնվելու վայրի մասին:
Առաջին անգամ վանք այցելել է շոտլանդացի գիտնական Սթիվեն Սիմը՝ 1999-ին, սակայն երկար ժամանակ վանքը դուրս է գտնվել մասնագետների և տեղագիրների ուշադրությունից: 2009-ին վանքին անդրադարձել է սեյսմոլոգ Շիրո Սասանոն:
Հենց այս գիտնականներն են գիտական աշխարհին ներկայացրել բացառիկ ժայռակերտ վանքը, սակայն նրանք չեն կողմնորոշվել, թե ինչ կառույցի հետ գործ ունեն և անվանել են մոտակա քրդաբնակ գյուղի անունով:
Հայկական ճարտարապետական հետազոտությունների անդամների ջանքերով պարզ է դարձել, որ խոսքը Ձարաքարի (Ծառաքարի) վանքի մասին է, որի մասին հիշատակվում է միջնադարյան աղբյուրներում, որի տեղը, սակայն, մինչև վերջերս հայտնի չէր:




























