Գյումրիում կայացավ մշակութային երկխոսությունը. բացվեց «Արտէքսպո» 1-ին միջազգային ցուցահանդեսը (լուսանկարներ)

14:58 • 20.09.13

«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում այսօր Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի հենց կենտրոնում բացվեց «Արտէքսպո» 1-ին միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերը՝ իրենց մարզին յուրահատուկ մշակույթով, ինչպես նաև մի շարք երկրներ՝ Մոլդովան, Ուզբեկստանը, Ղազախստանը և այլն: Ցուցահանդեսը միտված է մասնակից երկրների միջև մշակութային երկխոսության միասնական հարթակ ձևավորելուն և տարածաշրջանային մշակութային բազմազանություն խրախուսելուն:


Հասմիկ Բագյանը, ով ներկայացնում էր Սյունիքի տաղավարը, նշեց, որ տաղավարում ներկայացված է Սյունիքի ողջ մարզը՝ Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի քաղաքները: «Ներկայացված է հնի ու նորի խառնուրդը. ունենք մշակութային արժեքներ՝ կարպետներ, խուրջիններ, Գորիսի ավանդական տատիկն ու պապիկը»,- ասաց նա և ընդգծեց, որ նման ցուցահանդեսները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս տարբեր մարզերի մշակույթի կրողներին շփվել միմյանց հետ:


Մոլդովայի տաղավարը ներկայացնող Մոլդովայի մշակութային կենտրոններից մեկի տնօրեն Նատալյա Պրոկոպը նշեց. «Մենք մեր ասեղնագործության հետաքրքիր նմուշներն ենք բերել Հայաստան ցուցադրելու, ինչպես նաև մեր ավանդական գինին: Շատ կարևորում եմ ցուցահանդեսին մեր մասնակցությունը, քանի որ մենք այստեղ հնարավորություն ունենք ինչպես մեր երկիրը ներկայացնել, այնպես էլ՝ տարբեր երկրների մշակութային արժեքներին ծանոթանալ»,- ասաց նա:


Ցուցահանդեսին Շիրակի մարզից բացի առանձին ներկայացված էր նաև Գյումրու տաղավարը, որը ներկայացնում էր մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ Սուսաննա Մկրտչյանը: Նա ընդգծեց, որ ընդհանրապես բոլոր տեսակի ցուցահանդեսները նպաստում են, որ մարդկանց միջև բարեկամական և աշխատանքային կապեր ստեղծվեն:


«Հատկապես մեր հանրապետության հեռավոր մարզերի ստեղծագործողների հետ, որոնց հետ այդքան էլ սերտ կապեր չունենք: Նաև ստեղծագործական նոր համագործակցություններ կլինեն և, իհարկե, նաև ստեղծագործական նոր լիցքեր կհաղորդեն բոլորիս»,- ասաց նա:


Նշենք, որ Շիրակի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարզպետի, քաղաքապետի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շրջեց ցուցահանդեսի տաղավարներով:


 

Լուսանկարները՝ Շիրակի թեմի ֆեյսբուքյան էջից