Հոկտեմբերի 5-ին կհրապարակվեն տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի և դաստիարակի անունները

17:01 • 20.09.13

«Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը, տեղեկացնում է ԿԳՆ կայքը:


Մրցույթն անցկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական երեք հանձնաժողովները: Մրցույթի եզրափակիչ փուլին այս տարի մասնակցել են 40 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:


Հանրապետական փուլի մասնակիցների ընտրությունը կատարվել է մարզային փուլի արդյունքներով: Յուրաքանչյուր մարզից և Երևանից ընտրվել են լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: Ավագ դպրոցների համար նույն մրցույթի առաջին փուլը կազմակերպվել է ԿԳՆ-ի կողմից:


Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառման ժամանակ: «Տարվա լավագույն ուսուցչի» և «Տարվա լավագույն դաստիարակի» գլխավոր մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետը, իսկ տնօրենը կպարգևատրվի ՀՀ ԿԳ նախարարի կողմից:



Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար նախատեսված են պարգևներ և խրախուսանքներ:


«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթն այս տարի կազմակերպվում է 13-րդ անգամ: Սահմանվել են հետևյալ անվանակարգերը`


•«Նվիրում երեխաներին»,
•«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
•«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»,


«Տարվա լավագույն տնօրեն մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը`


•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,


«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգեր`

•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
•«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»: