«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի ժամանակ կբացահայտվեն ժյուրիի անդամները

18:23 • 20.09.13

Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) որոշ փոփոխություններ է կատարել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կանոններում։ Այժմ ժյուրիի քվեարկությունն ավելի բաց կլինի։ Նոր կանոնների համաձայն՝ ազգային ժյուրիի անդամների անունները կբացահայտվեն մինչ մայիսի 1-ը, այսինքն՝ մինչ մրցույթի սկիզբը, հայտնում է Обозреватель-ը։

 

«Այս քայլով մենք ցանկանում ենք վստահեցնել, որ բոլորը՝ մրցույթի մասնակիցները, մամուլը և երկրպագուները, կգիտակցեն, թե ինչպես ենք մենք ստանում ճիշտ արդյունքը։ Հաշվի առնելով այդ փոփոխությունները՝ մենք հույս ունենք վերջ դնել քվեարկության շուրջ առաջացած ենթադրություններին, որը մենք տեսել ենք վերջին շրջանում»,- ասել է «Եվրատեսիլի» վերահսկողական խմբի նախագահ Ֆրանկ Դիտեր Ֆրայլինգը։

 

ԵՀՄ-ն պարտավորվել է նաև եզրափակիչից հետո հրապարակել ժյուրիի յուրաքանչյուր անդամի քվեարկության արդյունքները։ Ժյուրիում ընդգրկված են լինում երաժշտության ոլորտի պրոֆեսիոնալներ, որոնք «Եվրատեսիլի» ազգային ժյուրիի կազմում չեն եղել վերջին 2 տարիների ընթացքում։

 

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթը կանցկացվի Կոպենհագենում (Դանիա)։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին։