Գյումրիում բացվեց վերանորոգված երաժշտական դպրոցը
Գյումրի քաղաքում այսօր բացվեց Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ և Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլանը: Ի դեպ, հենց վերջինիս աջակցությունը դպրոցի կայացմանը մեծ է եղել:Դպրոցին երաժշտական գործիքներ են նվիրել Իեն Գիլանն ու «Millbank music» երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը:
«Վերջապես հասանք մեր նախաձեռնության ավարտին: Երբ ես տեսա այս շենքը պարզապես աչքերս թրջվեցին, որովհետև շատ գեղեցիկ ու լավ է ստացվել այս շենքը: Ես արդեն լսում եմ երաժշտությունը: Դպրոցը բոլոր անհրաժեշտ գործիքներն ունի: Հիմա մնում է գյումրեցիները օգտագործեն ու վայելեն: Սրա նման նախաձեռնություններն են, որ մեզ նոր շունչ են տալիս աշխատելու»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Իեն Գիլանը:
Երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանն ընդգծեց, որ տնակային պայմաններում գոյատևող Գյումրիում էլ այս դպրոցը հաջողություններ ունի:
«Մեզ մոտ ընդունված է բարերարությունը: Ավելի լավ սաներ և ավելի լավ կատարողներ ենք ակնկալում»,- ասաց դպրոցի տնօրենն ու հավաստիացրեց, որ առաջիկայում կշարունակեն համագործակցությունը համաշխարհային մեծության երաժիշտների հետ:
Նշենք, որ աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Սերժ Սարգսյանը շրջեց դպրոցում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, դիտեց սաների կատարմամբ համերգը, որից հետո խորհրդանշական ծառատունկ կատարեց դպրոցի բակում:
Այնուհետև Սերժ Սարգսյանը կայցելի, «Արագած» ճեմափողոց, որտեղ նրան կներկայացնեն փողոցի հիմնանորոգման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Սարգսյանը Գյումրիում կայցելի նաև «Խաչքարերի պուրակ», որտեղ անցկացվում է «Արհեստների և արվեստների փառատոնը», այնուհետև Վարդանանց հրապարակում կդիտի «Գյումրին 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-22 անցկացվող «Արտ էքսպո» 1-ին միջազգային ցուցահանդեսը:










