Մեր անկախությունը փխրուն է, դեռ ոչ լիարժեք. Լևոն Թոքմաջյան

12:43 • 20.09.13

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Հայաստանի Անկախության տոնին ընդառաջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանի անկախությունը փխրուն է ու դեռ ոչ լիարժեք։


«Մեր անկախությունը փխրուն է, դեռ լիարժեք ու ավարտուն չէ: Մեր պապերը պայքարել են, որ սերունդները լինեն անկախ, որը ամենաբարձրագույն կատեգորիան է: Սակայն անկախությունն ու ազատությունը պետք է ճիշտ օգտագործել»,- ասաց նա։


Խոսելով անկախության 22 տարիներին երկրի ձեռքբերումների և թերությունների մասին՝ քանդակագործն ասաց. «Ես ինձ Եվրոպայում եմ զգում, երբ օգտվում եմ ժամանակակից ավտոբուսներից ու տեսնում, թե ինչպես է ղեկը պտտեցնում փողկապով վարորդը: Զգում եմ, որ Եվրոպա ենք գնում: Բայց տխրում եմ, երբ տեսնում եմ Մաշտոցի պուրակում մարդիկ են հավաքվում»:


«Ձեռքբերում է նաև արվեստի զարգացումը, որն ազատությունից օգտվելու լավագույն դրսևորումներից մեկն է: Վերջապես ազատվել ենք խորհրդային դժվարություններից: Այսօր երկու հզոր կառույցներ իրենց կողմն են փորձում քաշել Հայաստանը: Դա նշանակում է, որ մենք մեզնից ինչ-որ արժեք ենք ներկայացնում»,– ավելացրեց նա:


Քանդակագործը նաև մտահոգություն հայտնեց, թե այսօր ոչ ոք Հայաստանի մեջքին կանագնած չէ: Ըստ նրա՝ կան հզոր պետություններ, որոնք իրավունք ունեն տարակուսելու այս կամ այն միությանը միանալու հարցում, բայց Հայաստանն այդ իրավունքը չունի, քանի որ փոքր է:


«Կարծում եմ՝ մենք այլ ելք չունենք: Պատկերացրեք, որ ռուսական զորքը դուրս գա, ի՞նչ կլինի մեզ հետ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հետագայում հնարավոր է Հայաստանն այնքան մեծանա, որ սերունդներն ուրախանան.«Այսօր տխուր եմ, որովհետև դեռ ամեն ինչ չէ, որ իր հունի մեջ է մտել: Խորհրդային բոլոր երկրներն էլ ստացել են անկախություն: Այ, եթե մենք կարողանանք մեզ տրված ազատությունը ճիշտ օգտագործել, ամեն ինչ իր տեղը կընկնի»:


Անդրադառնալով Երևանի ճարտարապետությանը՝ քանդակագործը նշեց, որ ասօր այդ հարցը կախված է անհատի ճաշակից. «Անհատներ կան, որ մենք կյանքներս մաշում ենք ասելով, որ սխալ բան են մտածել, բայց չի ստացվում, շատ անգամներ ես հրաժարվել եմ ինչ-որ գործից, որովհետև չեմ կարողացել համոզել, չէ՞ որ իմ ստորագրությունն է դրվելու այդ գործի վրա»:


Քանդակագործի մյուս մտահոգությունն այն է, որ նախկինում Երևանում ճարտարապետական արժեք ներկայացնող շենքեր կային, որոնք այսօր չկան:


«Ինձ հետաքրքիր է, թե ինչու քանդվեց Սևան հյուրանոցը: Այս հարցն անգամ տվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով իմ հարցադրմանը պատասխանեց, թե այն սեյսմակայուն չէ: Սեյսմակայուն չէր, բայց այսօր այն վերածվել է աղբանոցի: Ցավալի է, որ քանդվում են լավագույն շինությունները: Միօրինակ ու միապաղաղ տեսք է ստանում մեր քաղաքը: Կարելի է էլիտար շենքերի հետ մեկտեղ կառուցել նաև այգիներ»,- ասաց նա՝ հավելելով, որ քանդվող շենքերի ճակատագրին կարժանանա նաև «Փակ շուկան»:


Կրկին վերադառնալով անկախության թեմայինը՝ Լևոն Թոքմաջյանն ավելացրեց. «Մենք փխրուն ենք: Չենք կարող ասել, թե մենք լրիվ անկախ ենք, բայց լրիվ անկախ ոչ մի պետություն էլ չի կարող լինել: Կարևորը մեր զարգացող դիվանագիտությունն է»: