Ռուս գրականությունը լավագույն սեռական կրթությունն է. Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան

13:36 • 20.09.13

Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը, որը դեմ է դպրոցներում սեռական կրթությանը, ասել է, որ երիտասարդները կարող են սովորել այն ամենը, ինչ հարկավոր է սիրո և սեքսի մասին իմանալու համար, ռուս գրականությունից, գրում է բրիտանական Guardian-ը:

 

«Ես դեմ եմ ցանկացած տեսակի սեռական կրթության»,- ասել է Աստախովը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: «Անընդունելի է թույլ տալ բաներ, որոնք կարող են փչացնել երեխաներին»,- հավելել է նա:

 

Չնայած այն փաստին, որ Ռուսաստանում ՄԻԱՎ-ի՝ աշխարհում ամենաարագ աճող ցուցանիշներն են, ռուսական դպրոցներում չկա սեռական կրթություն՝ շնորհիվ Ռուսաստանի եկեղեցու ազդեցության և պահպանողական հասարակական ուժերի:

 

Ռուսաստանում ազդեցիկ պաշտոնյան ցանկանում է, որ օրենսդրություն մշակվի, որով կբացառվի սեռական կրթությունը դասացանկում ներառելու ցանկացած հնարավորություն: Սեռական կրթության փոխարեն նա առաջարկում է դասականներին կարդալ՝ ասելով, որ դպրոցները պետք է երեխաներին դաստիարակեն ընտանեկան արժեքների գիտակցումով: Նա նաև առաջարկել է, որ կարող է օգտակար լինել «էթիկայի և ընտանեկան կյանքի հոգեբանության» մասին խորհրդային շրջանի առարկաների ներառումը դասացանկ:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ ռուսների 90 տոկոսը սեռական կյանքի փորձառություն է ունենում մինչև 17 տարեկանը: Ռուսաստանում կա ՄԻԱՎ-ով վարակված 1 միլիոնից ավելի մարդ: