Բուխարեստում մեկնարկել են Հայկական մշակույթի օրեր
Բուխարեստի «Դմիտրիե Գուստի» Գյուղի ազգային բացօթյա թանգարանում սեպտեմբերի 20-ին սկսվել են Հայկական մշակույթի օրերը: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ, Հայաստանի ազգային տոնի շրջանակներում` Ռումինիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Ռումինիայի Հայոց Միության ու Ռումինահայոց թեմի ջանքերով, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Պաշտոնական բացմանը հայոց պատմության, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրանց դերի և Ռումինիայի զարգացման մեջ նրանց խոշոր ավանդի մասին ելույթներով հանդես են եկել թանգարանի տնօրեն տիկին Պաուլինա Պոպոյուն և Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը:
Մշակութային ծրագիրը ներկայացրել են պատգամավոր, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբակցության նախագահ Վարուժան Փամբուկչյանը և ծրագրի կազմակերպիչներից երիտասարդ Հրանտ Ջաղինյանը:
Այնուհետև կատարումներով հանդես են եկել Տիմիշոարայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, ռումին դուդուկահար Կոսմին Բալեանը` իր «Սոնուս» եռյակով, և «Վարդավառ» պարախումբը:
Այսօր սպասվում են ռումինահայ հանրահայտ դաշնակահար Հարրի Դավիդյանի, իսկ հաջորդ օրը` Կարպիս և Գաբրիել Դեդեյան եղբայրների ջազային համերգները:
Եռօրյա միջոցառումները ներառում են նաև հայկական ավանդական արհեստների, զարդարվեստի, գեղագրության և խոհանոցի ցուցադրումն ու քարոզումը: Ծրագրի շրջանակներում այցելուները կդիտեն գեղանկարների և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները:
Բուխարեստում Հայկական մշակույթի օրերի մասին ծանուցվում են կենտրոնական փողոցների վահանակների, քաղաքային տրանսպորտի վրա, լրատվամիջոցներով: Հրատարակվել են գրքույկներ, ազդագրեր և ծրագրեր:
Հայաստանին նվիրված տոնի և հայկական մշակույթի օրերին զուգընթաց` Ռումինիայի Արվեստի պատմության միությունը կազմակերպել է Բուխարեստի պատմության նվիրված շրջայցեր` ի պատիվ ռումինահայ հայտնի ճարտարապետներ Գրիգորե և Նիկոլաե Չերքեզ եղբայրների:
Ավելի քան կեսդարյա իր գործունեությամբ Գրիգորե Չերքեզը անջնջելի հետք է թողել ռումինական ճարտարապետության պատմության մեջ: Ունենալով գերազանց պատրաստվածություն և հարուտ փորձ շինարարության ոլորտում` նա բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ է թողել, որոնք այսօր զարդարում են մայրաքաղաք Բուխարեստը և այլ բնակավայրեր:
Բուխարեստի ճարտարապետության արդիականացման գործում ոչ պակաս ավանդ ունի նաև Նիկոլաե Չերքեզը: Նրա անվան հետ են կապվում պետական և հանրային խոշոր հաստատությունների կառուցման խրագրերը, ինչպես նաև թագավորական պալատների և հանրային այգիների վերակառուցումը:










