Նախագահի կողմից պարգևատրված գործիչները իրենց պարգևի մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Անկախության օրվա առիթով այսօր 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանը ստացած Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանն ասում է, որ հայրենիքին, հայ ժողովրդին ու բանակին կծառայի մինչև իր կյանքի վերջը: Նման խոստում գեներալ-լեյտենանտը տվեց պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում:
«Մեր զինվորները շատ օրինակելի են: Մեր 1-ին զինվորների հետ ես մարտնչել եմ Լաչինչի ճանապարհի մեր պաշտպանության մարտերում և բոլորը սխրանքներ են գործել, հերոսացել են: Արցախյան հերոսամարտում մեր 5000-ից ավելի զոհվածները հերոսներ են մեր ազգի համար, և մենք չպիտի մոռանանք նրանց բոլորին, բայց նաև նրանց ովքեր կենդանի են մնացել»,- ասաց նա:
Մուրազ Սարգսյանը վստահեցրեց, որ այսօր հայոց բանակը կայուն է և այն չի կարելի համեմատել 1992թ-ի բանակի հետ:
«Մենք առաջ ենք շարժվում: Ժողովուրդը թող վստահ լինի. իր բանակը կայուն է և կարող է ամեն վայրկյան իրեն պաշտպանել, կատարել իր առջև դրված հրամանը: Բայց մենք հզոր ենք ժողովրդի հետ միասին»,- ասաց նա:
Դերասան Խորեն Լևոնյանը շնորհավորելով բոլորին անկախության տոնի առիթով, նշեց, որ բոլորովին կարևոր չէ, թե ինչ մեդալ ես ստանում կամ ինչպես են քեզ այսուհետ կոչելու։ Ըստ նրա՝ կարևոր է այն, որ այսօր՝ Անկախության օրվա կապակցությամբ, պետությունը մշակութային և այլ բնագավառի մարդկանց ցույց է տրվում վերաբերմունք: «Կարևորը դա է, ու դա պարտավորեցնոմ է, ու դրանից հետո մարդիկ սկսում են ավելի լավ ու պարտավորված աշխատել»,- ասաց նա:
Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, ով նախագահի կողմից արժանացել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, ևս ընդգծեց, որ մարդու կատարած աշխատանքը չի նկատվում ու չի գնահատվում ոգևորության պակաս է առաջանում:
«Այս պարգևը կարծում եմ ավելի նոր նախաձեռնությունների, աշխատանքային հաջողությունների համար կարող է դառնալ հիմք, ոգևորվածություն, ներշնչանք: Մեր կազմակերպությունը այս տարիներին հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, ու դրանք գնահատվում են այսօր»,- ասաց նա:
Նախագահի կողմից պարգևատրված գյումրեցի գեղանկարիչ Սամվել Լաչիկյանը ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդու հաճելի է արժանանալ գնահատականի, գովասանքի: «Հաճելի է, որ երբևէ քո վաստակը գնահատվում է: Իմ բոլոր նկարները նվիրված են մարդուն և ազատությունն են խորհրդանշում»,-ասաց նա:










