Թեհրանում ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել
Թեհրանի «ԱՐԱՐԱՏ» մարզամշակութային համալիրում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցել են ԻԻՀ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ եւ Իրանում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառմանը ներկա էին եղել նաև Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Սպահանի եւ Ատրպատականի թեմերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամներ:
Հանդիսությանը մասնակցել է նաև ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:
Բացման խոսքով հանդես եկավ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որից հետո ներկայացվել են ազգային և ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ:
Մինչ այդ, սեպտեմբերի 20-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում` Ս. պատարագի ընթացքում, նախագահությամբ թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի` կատարվել է Հանրապետական և գոհաբանական մաղթանք՝ Հայաստանի անկախ պետականության վերականգնման 22-րդ տարեդարձի առիթով:
Հանրապետական մաղթանքի ընթացքում օրհնվել է Հայաստանի Հանրապետության Եռագույն դրոշը և հնչել ՀՀ օրհներգը:
Արարողությանը ներկա են եղել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը և դեսպանության անձնակազմը, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի և «Ալիք» հաստատության ու օրաթերթի, ինչպես նաև ազգային-հասարակական ու մշակութային միությունների ներկայացուցիչներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:










