«Առնետները» բացեցին 148-րդ թատերաշրջանը Գյումրու թատրոնում

12:57 • 23.09.13

Սեպտեմբերի 22-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 148-րդ թատերաշրջանը բացեց Լևոն Մութաֆյանի «Առնետները» հոգեբանական դրամայի հիման վրա ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած համանուն ներկայացումով: Սլենգ, հայհոյանք, բռնության տեսարաններ պարունակող ներկայացման դիտումն արգելված է 16 տարեկանից ցածր հանդիսատեսին: Ներկայացումն իր ձևաչափով նորություն է Գյումրու թատրոնում:

Բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանի համոզմամբ «Առնետներ»-ի ասելիքը խիստ արդիական է: «Սա նախազգուշացում է բոլորիս,-Tert.am-ի հետ զրույցում նշեց Լյուդվիգ Հարությունյանը,-հանդիսատեսի դատին ենք հանձնել մի ներկայացում, որտեղ արծարծված խնդիրները գոյություն ունեն հենց մեր կողքին: Խոսում ենք վախից ծնված անտարբերության մասին»:

Պիեսի գործողությունները ծավալվում են Նյու Յորքի մետրոյում, որն ինչպես հայտնի է մարդկային որոշ շերտերի համար մի յուրօրինակ աշխարհ է՝ իր օրենքներով: Եվ ահա այդ միջավայր են սողոսկում «առնետները»՝ երկու տղաներ, ովքեր սկսում են ավիրել արդեն հաստատվածը՝ փորձելով ներմուծել իրենցն ու այդ ամենը բռնությունների, դաժան գործելակերպի միջոցով:

«Մեր կյանքում էլ է շատացել անտարբերությունը, և մենք այս ներկայացումով կոչ ենք անում մարդկանց վերանայել իրենց վերաբերմունքը շրջապատում կատարվողի նկատմամբ,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը,- կարծում եմ հանդիսատեսը լիովին ընկալեց այն, ինչ մենք փորձեցինք նրանց փոխանցել բեմից»:

«Առնետները» ներկայացումը գեղարվեստական խորհրդի դատին էր հանձնվել օգոստոսին, իսկ առաջնախաղը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիիկոլայ Ծատուրյանը Tert.am-ին փոխանցեց, որ ներկայացման ընտրությունը պատահական չի եղել:

«Թատերաշրջանի բացումն հենց այս ներկայացումով արեցինք, որ «հետք» թողնի մարդկանց մեջ: Խորհելու, մտածելու առիթ տա: Բացի դրանից, ներկայցումը նորություն էր մեր հանդիսատեսի համար: Կարևորը լավ ընդունվեց ու դահլիճը 10 րոպե հոտնկայս ծափահարում էր»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:


Լուսանկարը՝  Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից