Հինգ երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կորցնում է իր հեղինակությունը: Միաժամանակ 5 երկիր հրաժարվել է մասնակցել հաջորդ մրցույթին, որը կանցկացվի 2014թ. մայիսին, Դանիայում, գրում է segodnya.ua-ն:
Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լյուքսեմբուրգի և Անդորայի ներկայացուցիչները հայտնել են, որ չեն մասնակցի մրցույթին: Խորվաթիան չի ցանկանում մասնակցել տնտեսական պատճառներով. երկրում ճգնաժամ է և պատրաստվելու ու ելույթի համար գումար չկա:
Նման պատճառաբանություն են ներկայացրել նաև Լյուքսեմբուրգը և Անդորան: Բացի այդ, նրանք նշել են, որ բնակչությունն այդ երկրներում կորցրել է հետաքրքրությունը «Եվրատեսիլ»-ի նկատմամբ:
Այն մասին, որ հասարակության հետաքրքրությունը մրցույթի հանդեպ նվազել է, նշել են նաև Չեխիայում: Իսկ սլովակները ներկայացրել են դիվանագիտական բացատրություն` նշելով, որ «Եվրատեսիլ»-ն իրենց հնարավորության սահմաններից դուրս է: Նախկինում երկիրը երբեք չի հաղթել մրցույթում:










