Ջեյն Օսթինի թանգարանը 160.000 ֆունտ ստեռլինգ է հավաքել վիպասանուհու մատանին Բրիտանիայում պահելու համար

18:46 • 23.09.13

Միացյալ Թագավորության Հեմփշիր կոմսությունում գտնվող Ջեյն Օսթինի տուն-թանգարանը կարողացել է բավականաչափ գումար հավաքել վիպասանուհու մատանին հետ գնելու համար, որն աճուրդի ժամանակ ձեռք էր բերել փոփ երգչուհի Քելի Քլարքսոնը, հայտնում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով:

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ժամանակավորապես արգելել էր փիրուզյա քարով ոսկյա մատանին երկրից դուրս հանել: Երգչուհին այն ձեռք էր բերել Լոնդոնում աճուրդի ժամանակ, սակայն տուն-թանգարանը դրամահավաք էր հայտարարել: Արդյունքում մեկ ամսում թանգարանը հավաքել է 160.000 ֆունտ ստեռլինգ վիպասանուհու մատանին Բրիտանիայում պահելու համար:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անհայտ բարերարը Ջեյն Օսթինի թանգարանի հիմնադրամին էր փոխանցել 100.000 ֆունտ ստեռլինգ՝ աջակցելու նախաձեռնված արշավին: