Հեռուստատեսությանը պակասում է պատասխանատվության զգացումն ու պրոֆեսիոնալիզմը. Նառա Շլեպչյան

19:07 • 23.09.13

Հեռուստատեսությունում ներկայումս պակասում է պատասխանատվության զգացումն ու պրոֆեսիոնալիզմը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ժողովրդական արտիստ, հաղորդավար Նառա Շլեպչյանը:

 

«Այս տարիների ընթացքում հեռուստատեսության ձեռքբերումը հիմնականում տեխնիկան է, ինչպես նաև լրագրողների համարձակությունը և նրանց առատությունը: Բայց միաժամանակ այլ հարց է, որ այդ առատության մեջ փնտրում ենք, մեծ դժվարությամբ գտնում ենք այնպիսիններին, որոնք կարող են դառնալ պրոֆեսիոնալ»,- ասաց նա:

 

Նառա Շլեպչյանը նշեց, որ եթե այսօր մարդ «կապվի» մեկ ալիքի հետ, ապա դժվար կացության մեջ կընկնի, քանի որ այդքան էլ շատ չեն որակյալ հաղորդումները:

 

«Լավ է, որ ալիքները շատ են: Մենք Ռուսաստանն ենք նայում ու այլ ալիքներ արբանյակով: Փնտրում ենք, անընդհատ փնտրում ենք, հեռուստավահանակը վերցնում ենք մեր ձեռքը և փնտրում ենք, գտնում հաղորդումներ: Հանգիստ չես կարող նստել հեռուստացույցի առջև ու պատրաստվել դիտման»,-ասաց նա:

 

Որպես դրական երևույթ Նառա Շլեպչյանը մատնանշեց հայերենի քիչ թե շատ ավելի գրագետ կիրառումը: «Տարիներ առաջ, որ հարցնում էին՝ լեզուն վա՞տն է, ես ասում էի՝ ամենալավ բժիշկը ժամանակն է, ամենալավ խմբագիրը ժամանակն է: Կանցնի ժամանակ ու կլավանա: Եվս մի փոքր ժամանակ ու կարծում եմ, որ լավ կլինի»,-ասաց նա: