Անկախության տոնին Երևանը ձևավորված էր ոչ միայն Նունե Եսայանի պաստառներով, այլև դրոշներով. պաշտոնյա

15:37 • 23.09.13

Թե ինչու էր Հայաստանի անկախության տոնին Երևան քաղաքը ձևավորված միայն Նունե Եսայանի պաստառներով, արդյոք երգչուհի՞ն է Հայաստանի պետականության սիմվոլը հարցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը պատասխանեց, թե քաղաքը ձևավորվել է բացառապես դրոշներով, իսկ Նունե Եսայանի պաստառներն ընդամենը հիմնական միջոցառման իրազեկումն էին։

«Հիմնական միջոցառումը դա է եղել, թե ինչու է որոշումն այդպես եղել, արդեն պետական հանձնաժողովի որոշումն է։ Մենք քաղաքը այլ կերպ ենք ձևավորել։ Քաղաքի ձևավորումը եղել է պետական դրոշներով, 1500-ից ավելի դրոշներ ենք տեղադրել վարչական բոլոր շրջաններում։ Իսկ Նունե Եսայանի պաստառները եղել են հիմնական միջոցառման իրազեկումը»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։

Արազ Բաղդասարյանի խոսքով՝ Նունե Եսայանի պաստառներով իրենց վարչությունը չի զբաղվել և գումար էլ չի ծախսել դրա համար։ «Մեր վարչությունը չի զբաղվել, ընդամենը տվել ենք որպես սոցիալական գովազդ տեղադրելու թույլտվություն, այսինքն՝ տեղական տուրք չի պահանջվել»,- ասաց նա և ավելացրեց, որ ցուցապաստառների ծախսերը հոգացել է Նունե Եսայանի պրոդյուսերական կենտրոնը։