Արտագաղթի մասին կատակով մեկ վարչապետն է խոսում, մեկ էլ ես. Վարդան Պետրոսյան

14:11 • 24.09.13

Դերասան Վարդան Պետրոսյանը խոստովանում է՝ իր համար բոլորովին հեշտ չէ ներկայացումներում կատակել արտագաղթի ու աղքատության մասին, բայց իր պարտքն է համարում կատակով գոտեպնդել մարդկանց։

«Շատ դժվար է կատակով խոսել արտագաղթի մասին, մեկ վարչապետն է կարողանում, մեկ էլ ես։ 15 րոպե արտագաղթի մասին կատակ եմ անում, մարդիկ ծիծաղում են, բայց իմ սրտից արյուն է հոսում։ Ինչքան կարող եմ կգոտեպնդեմ ու կմիավորեմ նրանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Դերասանը հավատացնում է իր ներկայացման մեջ ինքը բոլորովին էլ հեղափոխության կոչեր չի անում, ըստ նրա, դա ընդամենը միավորվելու կոչ է։

«Արվեստը հեղափոխության կոչեր չի անում, ուրիշ բան, որ ես համարձակորեն գովում ու խրախուսում եմ երիտասարդությանը, դա հեղափոխության կոչ չէ, ես հպարտ եմ մեր երիտասարդներով, ովքեր պայքարեցին, նրանք պետք է խրախուսվեն։ Դա միասնության կոչ էր, հոգևոր միասնության կոչ, այստեղ հոգևոր միասնությունն է գովաբանվում։ Առանց հոգևոր միասնության որևէ բանի մասին չի կարելի խոսել, սովորաբար հեղափոխություններում ամեն մեկն իր շահն է փնտրում, այստեղ գոյություն չուներ մեկի շահ»,- ասաց նա՝ հիշելով տրանսպորտի թանկացման պայքարում երիտասարդների հաղթանակը, որի մասին հպարտորեն խոսում է նաև «Ամեն 2շաբթի» ներկայացման մեջ։

Վարդան Պետրոսյանը շարունակեց խոսել ներկայացման թեմաների մասին և նշեց, որ 60-ականներին էլ թաղային հեղինակություններ կային, բայց նրա խոսքով, եթե այն ժամանակ այդ թաղային հեղինակությունները քաղաքականությունից իրենց վեր էին դասում, ապա այսօր նրանք «մխրճվում են քաղաքականության մեջ և հաղթող դուրս գալիս»։

«Ասում են չէ՞, որ քաղաքական ընտրություններին հաղթեցին թաղային հեղինակությունները»,-ասաց նա։

Դերասանը տեղյակ էր, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կրկին օրակարգում է։ Նա նշեց, թե թանկացումներն ամենուր են, բայց ոչ «տատիկների ու պապիկների կաշին քերթելու հաշվին»։

«Գազի գինը բարձրացավ անմարդկային չափերով, ամեն ինչ «կոնտրոլից» դուրս է եկել, և թող ոչ մեկը չփորձի բացատրել, թե գազի թանկացումը կախված է տնտեսական ինչ-որ խնդիրներից։ Այդպես չի, տնտեսագետներ էլ հաստատում են, որ կարող են նույնիսկ չթանկացնել կամ թանկացնեն այնքան, ինչքան համարժեք է։ Ես վստահ եմ, որ քաղաքապետարանը կարող էր միջոցներ գտնել սուբսիդավորելու»,- ասաց նա և ավելացրեց, որ եթե օրինակ՝ Ֆրանսիայում գազի գինը թանկանում է 3%-ով , ապա Հայաստանում դա 30% է, նույնը նաև տրանսպորտի, հացի և մյուս դեպքերում։

«Անմարդկային թանկացումներ են, տպավորությունը՝ ով ինչպես ուզում է, այնպես էլ անում է, իսկ պատճառաբանությունը, թե տրանսպորտի որակն են բարձրացնելու՝ ծիծաղելի է։ Կարող են գտնել տարբերակ։ Սա բնութագրում եմ ժողովրդի կաշին քերթել, ուրիշ ոչ մի կերպ չես կարող բացատրություն գտնել, եթե մտնում ես աղքատի գրպանը, թոշակառու տատիկ-պապիկի գրպանը, դա անթույլատրելի է։ Դրանով դու նրանց անամոթաբար դատապարտում ես անշարժության»,- բորբոքված վրա բերեց նա և մեջբերեց ներկայացումից մի հատված, երբ տրանսպորտի գնի թանկացումը կասեցնելուց հետո մի տատիկ իրեն ասել էր, թե «կարո՞ղ է մի քիչ էլ պայքարեն, հացի գինը իջեցնեն»։

Վարդան Պետրոսյանին լրագրողները խնդրեցին չշրջանցել Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցելու որոշման հարցը։ Դերասանն իրեն հատուկ հումորով վրա բերեց, թե պետք է ոչ թե Հայաստանի համար ափսոսալ, այլ խղճալ Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին, որ հայերը գալիս են այնտեղ։

«Ես ողբում եմ Մաքսային միության համար, խեղճ Ղազախստան, Ռուսաստան, հայերը մտան Մաքսային միություն, բա մեղքը չի՞ Ռուսաստանը։ Ցնծա՛, մաքսային աշխարհ, Հայաստանն է գալիս»,- կատակեց դերասանը, ապա նշեց, թե դրանում «մի դառը բան կա»։

«Դա ինձ հիշեցնում է դարասկիզբը, երբ և՛ Արևմտյան Հայաստանում, և՛ այստեղ մենք անընդհատ կողմնորոշվում էինք, իսկ երբ ուսումնասիրում ես պատմությունը, տեսնում ես, որ մեզ ընդամենը խաղացնում էին»,- ասաց նա։ Վարդան Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը այն երկիրը չէ, որ կարողանա Թուրքիայի նման խաղեր տալ։

«Ասում էինք, թե ափսոս մենք այդպես էլ մի Քեմալ չունեցանք, որ Լոնդոնի հետ խաղար, միաժամանակ էլ Մոսկվայի հետ խաղար։ Բայց մենք չենք հասկանում, որ երբ Լոնդոնն ուզում էր պատժել նույն Քեմալին, մի ձեռք նրան հետ էր պահում, Մոսկվայի դեպքում էլ մի ձեռք կար, որը հրում էր։ Այդ պաշտպանող ձեռքը մենք չունենք, որ Լոնդոնի ու Մոսկվայի հետ խաղեր աներ։ Իսկ աջ, թե ձախ, պետք է մարդն ինքն իր համար կողմնորոշվի։ Արմատները թողած մտածում ենք աջ, թե ձախ»,- ասաց նա։

Դերասանը վստահ է, որ ինչպես Ֆրանսիայի դեպքում Բրյուսելն է որոշում, այնպես էլ Հայաստանի դեպքում Մոսկվան է որոշելու դու խնձոր կծախսե՞ս, թե՞ չես ծախսի, նույնիսկ կուտե՞ս, թե՞ չէ։

Ըստ նրա՝ Արցախի հարցում էլ կտուժենք։ «Մեր ու Արցախի միջև մաքսային կետ դնեն, էլ ո՞ւմ է պետք։ Եթե նույնիսկ ռուս անկաշառ սահմանապահը կանգնի ու արգելի գորիսեցուն, հայաստանցուն մի բան տանել-բերել, ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է ապահովությանը, ապա ապահովությունն, առհասարակ, առաջին հերթին Աստծո հետ կապի մեջ է»,- նշեց նա։