Կուրտ Քոբեյնի մանկության տունը վաճառքի է հանվել

11:31 • 25.09.13

Լեգենդար Nirvana խմբի վոկալիստ Կուրտ Քոբեյնի մանկության տունը վաճառքի է հանվել, հաղորդում է Associated Press-ը:

 

Ամերիկյան Սիեթլ քաղաքից հարավ-արևմուտք գտնվող մեկհարկանի տունը վաճառքի է հանել Քոբեյնի մայրը՝ Վենդի Օ'Քոնորը: Տան վաճառքին նպաստելու համար ընտանիքը ներկայացրել է նաև իրենց տաղանդավոր զավակի՝ տանն արված մանկական լուսանկարները:

 

Տունը, որը վերջին անգամ գնահատվել էր 67.000 դոլար, այժմ վաճառքի է հանվել 500.000 դոլարով: Տան մոտակայքում՝ գետի մոտ, գտնվում է Քոբեյնի հիշատակին նվիրված այգին: Ընտանիքի անդամները նշել են, որ կցանկանային, որպեսզի գնորդի հետ միասին տունը վերածեին թանգարանի:

 

Հարկ է նշել, որ այս ամիս Nirvana խմբի երկրպագուները նշում են խմբի վերջին ստուդիական ալբոմի 20-րդ տարեդարձը: