Բակո Սահակյանը մասնակցել է «Մենք ենք, մեր լեռները» վերանորոգված հուշարձանի բացմանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» նոր կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Բակո Սահակյանն ընդգծել է ազգային խորհրդանիշների պահպանման կարևորությունը` գոհունակություն հայտնելով, որ այս գործընթացի մասնակից է նաև սփյուռքը:
Այս համատեքստում ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Կարեն Ավագյումյանին համալիրի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու համար` այն համարելով պատմական հայրենիքի հետ կապերն ամուր պահելու լավագույն միջոցներից մեկը:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, կոթողի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի որդի Աշոտ Բաղդասարյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:










