Սերժ Սարգսյանը Վեդիում մասնակցել է մշակութային տան բացմանը (լուսանկարներ)

13:54 • 25.09.13

Արարատի մարզի Վեդի քաղաքում այսօր տեղի ուենցավ մշակույթի տան բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Արարատի մարզում:


Լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն ասաց, որ մշակույթի տունը հնարավորություն կտա պահպանելու քաղաքի հին ու լավ ավանդույթները:


Նա նաև նշեց, որ քաղաքը մինչև 1988թ-ը ունեցել է մշակույթի տուն, սակայն հենց այդ ժամանակ այն գրեթե քանդվել է հիմնանորոգելու նպատակով: Մի շարք խնդիրների պատճառով շենքի աշխատանքները տարիներ ի վեր ձգձգվել են:


«Այսօր ունենք ժամանակակից, ամբողջապես կահավորված մշակույթի տուն: Մենք 14 հազար բնակչություն ունեցող համայնք ենք, բայց մշակույթի տուն չունեինք: Այն մեր հիմնական զբաղմունքի վայրը կդառնա, հանգստի կազմակերպման, միջոցառումների կազմակերպման վայրը, որտեղ մեր քաղաքացիները իրենց ազատ ժամանակը կծախսեն»,- վստահեցրեց քաղաքապետը:

Մշակույթի տան տնօրեն Արթուր Սամոսյանը տեղեկացրեց, որ մշակութային տանը բացվելու են մի շարք խմբակներ՝ պար, վոկալ, ժողգործիքներ և այլն:

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան էլ հավաստիացրեց, որ շենքը համապատասխանում է շինարարական բոլոր չափանիշներին:

«Կառուցապատման աշխատանքների համար, ընդհանուր առմամբ ծախսվել է 350 մլն դրամ: Մշակույթի տունը երկհարկանի է, ունի 1350 քմ մակերես»,- ասաց նա:

Նշենք, որ մշակույթի տունը ունի 280 տեղանոց դահլիճ, անձնակազմը բաղկացած է 12 մարդուց: