ԱՄՆ-ում կցուցադրեն Մերի Փիքֆորդի մասնակցությամբ ֆիլմը, որը կորած էր համարվում
Մերի Փիքֆորդի գլխավոր դերակատարմամբ «Նրանց առաջին բաժանումը» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1911-ին և երկար ժամանակ կորած էր համարվում, ԱՄՆ-ում կցուցադրվի հոկտեմբերին, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով CBS News-ին:
«Մենք ունենք այն ֆիլմերի ամբողջական ցուցակը, որոնցում նկարահանվել է Փիքֆորդը, սակայն այս մեկը կորած էր համարվում: Դա նման է նրան, երբ կարող են հայտնաբերվել Ջորջ Գերշվինի երգերի վաղ ձայնագրությունները կամ Մարկ Տվենի չհրապարակված պատմվածքները»,- ասել է պատմաբան Լեոնարդ Մալտինը:
«Նրանց առաջին բաժանումը» կարճամետրաժ ֆիլմում համր կինոյի 18-ամյա աստղը կատարել է ամուսնու հետ վիճաբանող կնոջ դեր: Հաղորդվում է, որ դա եղել է առաջին ֆիլմը, որի պաստառի վրա գրված է եղել նրա անունը:
Ֆիլմի միակ օրինակը գտել է Փիթեր Մեսի անունով մի փականագործ՝ 2006-ին: Հետագայում նա այն հանձնել է Նյու Հեմփշիր նահանգի Keene State քոլեջին:
Իր կարիերայի ընթացքում Փիքֆորդը նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում և հիմնել է իր սեփական կինոընկերությունը: Նա երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի` 1930-ին կնոջ լավագույն դերի և 1976-ին կինոարվեստում ունեցած ներդրման համար:










