Վիեննայի սրճարանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն են ճանաչվել
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Վիեննայի սրճարաններն ընդգրկել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, գրում է Luxlux.net-ը:
Սուրճ ըմպելու մշակույթը Վիեննա է եկել Արևելքից 17-րդ դարի վերջին, երբ ավստրիական մայրաքաղաք են եկել թուրքերը: Առաջին սրճարանն այս քաղաքում բացվել է 1720թ.: Դեռևս այդ ժամանակ այցելուներին առաջարկում էին ոչ միայն անուշաբույր և թարմացնող ըմպելիք, այլև թարմ թերթեր: Նրանք գալիս էին սրճարաններ ոչ միայն սուրճ ըմպելու, այլև բիլիարդ կամ շախմատ խաղալու:
1788-ին Վիեննայում բացվում է առաջին երաժշտական սրճարանը, իսկ 19-րդ դարի սկզբից սրճարաններում սկսում են մատուցել ոչ միայն սուրճ, այլ նաև տաք խորտիկներ և գինի:
Վիեննական սրճարանները շատ արագ դառնում են գեղարվեստական, քաղաքական, գրական և երաժշտական կյանքի կենտրոններ: Հայտնի է, որ Մոցարտը, Բեթհովենը, Շտրաուսը սրճարանների սիրահար էին:
Այժմ Ավստրիայում գործում է ավելի քան հազար սրճարան: Բոլոր այցելուները գիտեն, որ ցանկացած սրճարանում յուրաքանչյուր առավոտ կարելի է գտնել թարմ թերթեր ամբողջ աշխարհից:










