«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացում Գյումրիում (լուսանկարներ)

18:09 • 26.09.13

Գյումրիի «Ստիլ» կերպարվեստի թանգարանում այսօր տեղի ունեցավ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Շրջիկ այս ցուցահանդեսը կազմակերպել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ)՝ «Լրատուն» մեդիա թանգարան նախագծի շրջանակներում:


Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով, ցուցահանդեսը «Լրատուն» մեծ գաղափարի սկիզբն է և նպատակ ունի նպաստելու լայն հանրության մեդիակրթությանը: «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը նվիրված է 1988թ-ի երկրաշարժի լուսաբանմանը՝ լրատվամիջոցների, լուսանկարիչների և կինովավերագրողների կողմից:


«Սա մեդիաթանգարան է և առաջին կազմակերպությունը, որից ուզում եմ շնորհակալություն հայտնել, դա ամերիկյան «Museum»-ն է, որ մեզ ներշնչեց Հայաստանում ստեղծել նմանատիպ մի թանգարան, որտեղ մարդիկ կկարողանան տեսնել, թե ինչպես են լրատվամիջոցները աշխատել տարբեր իրադարձությունների ժամանակ»,- նշեց Նունե Սարգսյանը:


«Լրատունը» կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը. ինչ փոփոխությունների են ենթարկվել ԶԼՄ-ները Խորհրդային Միության փլուզումից և ՀՀ հռչակումից հետո անցած շուրջ քառորդ դարի ընթացքում, ինչպես են նրանք լուսաբանել երկրի համար բախտորոշ իրադարձությունները: «Լրատան» հայեցակարգը հիմնված է մուլտիմեդիա սկզբունքի վրա, ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաների օգտագործմամբ:


Գյումրիում ցուցահանդեսը կմնա մեկ շաբաթ, այնուհետև կուղևորվի Վանաձոր, Մարտունի, Կապան, Երևան: