«Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակիցներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն

17:13 • 26.09.13

«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի մասնակիցներն այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:


Միջոցառմանը մասնակցել են փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնին մասնակցող երգչախմբեր, անհատ կատարողներ, կոմիտասյան արվեստի երկրպագուներ:


Մասնակիցները ծաղիկներ են դրել և խնկարկել Մեծն Կոմիտասի շիրիմին:


Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը հոգեհանգստի կարգ է կատարել Կոմիտասի շիրիմին: Այնուհետև Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Գայանե» երգչախումբը և Մոսկվայի Հայորդաց տան «Օվսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերը հանդես են եկել կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով:


Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը խորհրդանշական է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, քանի որ Կոմիտասը նաև ցեղասպանության խորհրդանիշ է:


Երգահաններ Տիգրան Մանսուրյանը և Հովհաննես Չեքիջյանը ողջունել են աշխարհի տարբեր երկրներից մեծ երգահանին հարգանքի տուրք մատուցելու համար Հայաստան ժամանած երգչախմբերին և անհատ կատարողներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել ՀՀ Սփյուռքի նախարարությանը այս հայաշունչ նախաձեռնության համար: