Պատանի թղթակիցների ֆոտո և վիդեո աշխատանքների ցուցադրություն Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում (լուսանկարներ)

09:22 • 26.09.13

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Տավուշի, Կոտայքի, Շիրակի եւ Լոռու մարզերի պատանի թղթակիցների լուսանկարների և վավերագրական ֆիլմերի անդրանիկ ցուցադրությունը:


Կազմակերպիչը «Մանանա» կրթամշակութային կենտրոնն էր: «Հայաստանը պատանիների աչքերով՝ հայացք ներսից» խորագիրը կրող միջոցառման նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել առօրյա երեւույթները պատանի թղթակիցների աչքերով ու նրանց մեկնաբանությամբ:


1995թ-ից գործող «Մանանա» կենտրոնում գործում են կինոյի, ֆոտոժուռնալիստիկայի, անիմացիայի ստուդիաներ 8-ից 21 տարեկան երեխաների, պատանիների և երիտասարդների համար:


2013թ-ին ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը հնարավորություն ունեցավ ստեղծելու պատանի թղթակիցների համահայկական ցանց: Կենտրոնն ունի միջազգային ճանաչում:


«Մանանա» կենտրոնի նախագահ Ռուզաննա Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտ 40 միջազգային պատանեկան կինոփառատոններից կենտրոնի սաները վերադարձել են մրցանակներով: Վերջին մրցանակը 15 օր առաջ, Բրազիլիայում կայացած կինոփառատոնի ժամանակ ստացել է կենտրոնի սաներից մեկը՝ ՁԻԱՀ-ով հիվանդ ընտանիքի մասին պատմող ֆիլմի համար: