Վերջին տարիներին նա ակտիվ չէր ստեղծագործում, բայց նրա գոյությունը մեզ ուժ էր տալիս. դերասանները Սոս Սարգսյանի մասին

18:00 • 27.09.13

Լուսանկարը՝  Վիգեն Մնոյանի


Հայ կինոն ու թատրոնը կորցրեց իր Նահապետին: Հայ սիրված դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր Սոս Սարգսյանի վախճանը այսպես ներկայացրեց դերասան Գուժ Մանուկյանը: Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ մեծ դերասանի արած գործը, դերերը, սերը հանդիսատեսի հանդեպ ու հանդիսատեսի կողմից կմնա առմիշտ:

«Ամենադժվար բանն է մարդու մասին անցյալ ժամանակով խոսել, այս դեպքում՝ առավել ևս: Դժբախտաբար նոսրանում են շարքերը մեր դերասանների, իսկ այս դեպքում Սոս Սարգսյանը այնպիսի դերասան էր, որի շնորհքի ու տաղանդի մասին երևի թե երկու բառով դժվար կարելի է ասել: Ճիշտ է, նա ակտիվ ստեղծագործական կյանքի մեջ չէր վերջին տարիներին, բայց նրա գոյությունը մեզ ուժ էր տալիս»,- ասաց նա:

Գուժ Մանուկյանը ցավով նշեց, որ ինքը չի աշխատել Սոս Սարգսյանի հետ միևնույն թատրոնում, ֆիլմերում էլ հաճախ իրար չեն հանդիպել, սակայն «Նահապետ» ֆիլմում միասին խաղացած դրվագը իր համար միշտ սիրելի է եղել ու շարունակում է մնալ այսպիսին:

«Նրա բոլոր դերերն են լավը, չեմ ուզում մի քանիսը առանձնացնել, որ մյուս դերերը չնեղանան: Բայց նա անկեղծ էր ու նվիրված իր դերին»,- ասաց նա:

Դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը, ով աշխատում է Սոս Սարգսյանի ղեկավարած Համազգային թատրոնում ընդգծեց, որ իր համար Սոս Սարգսյանը նախևառաջ հզոր թատերական գործիչ է, դերասան ու բեմադրիչ լինելուց առաջ:

«Ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ է արել նա հայ կինոյում ու թատրոնում, բայց դա արդեն վաղուց ակնհայտ է ու պատմություն է դեռ գրվելու: Նա հզոր թատերական գործիչ էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1990-ականներին այն ինչ արեց նա, ոչ մեկս չկարողացավ անել: Երբ այդ տարիներին թվում էր, թե թատրոնը այլևս ոչ մեկին պետք չէ, ոչ ոք թատրոնով զբաղվելու սիրտ ու հավես չունի, ինքը կարողացավ մարդկանց ոգևորել, հավաքել իր շուրջ ու նորից ուժ տալ թատրոն կոչվածին ու ստեղծվեց մի հրաշք թատրոն, որը մինչ օրս ուրախացնում է մեր հանդիսատեսին»,- ասաց նա:

Հարցին, թե «Համազգային թատրոնի» դերասաններով փորձելո՞ւ են իրականացնել Սոս Սարգսյանի երազանքը՝ պայքարել, որպեսզի տեղ հատկացվի թատրոնի շենքը կառուցելու համար, Դավիթ Հակոբյանը պատասխանեց. «Ցավոք, նույնիսկ հիմքը չփորվեց իր կենդանության օրոք, ես ուզում եմ հավատալ ու լավատես լինել, որ իշխանությունները խոհեմ կգտնվեն, ու մենք էլ պետք է մեր հույսը չկորցնենք ու ամեն ինչ անենք, որ թատրոնը անպայման կառուցվի: Բայց այստեղ խնդիրն այն չէ, որ կառուցվում է Սոս Սարգսյանի թատրոնը, այլ այն է, որ անկախ Հայաստանը վերջապես թատրոն է կառուցում: Այսինքն՝ ինքը այնքան ամուր է կանգնած իր ոտքերի վրա, որ կարողանում է թատրոն կառուցել, ոչ թե ռեստորան, զվարճանքի այլ վայր: Սա ոչ միայն մեր խնդիրն է, այլ ամբողջ հանրության, պետության, որովհետև պետությունը, որը թատրոն է կառուցում, նշանակում է վստահ է իր ապագայի ու վաղա օրվա վրա, ուզում է վաղվա օր ունենալ, ու որ ժողովուրդը ապրի ուրախ, վստահ ու երջանիկ»:

Իսկ առաջին անգամ թատրոնի բեմում Սոս Սարգսյանը խաղացել է Ժողովրդական թատրոնում Երվանդ Մանարյանի բեմադրած «Մեծապատիվ մուրացկաններում»: Ինչպես Tert.am-ին պատմեց Երվանդ Մանարյանը, դրա մասին մահվանից մոտ երկու ամիս առաջ դերասանների տանը պատմել է հենց Սոս Սարգսյանը:

«Այնքան գեղեցիկ ձևով դա պատմեց, ինձ համար շատ հաճելի էր, որ նա հենց իմ բեմադրած ներկայացման մեջ է առաջին անգամ խաղացել: Իսկ իր դերերից նա շատ էր սիրում «Հեղնար աղբյուրում» կատարած Մկրտչի իր դերը: Ասում էր՝ ես կուզենայի նորից այդ դերը խաղալ»,-պատմեց Երվանդ Մանարյանը և ընդգծեց, որ Սոս Սարգսյանը մեծ հետք թողեց հայ արվեստում ու շատ բան արեց իր ժողովրդի համար: