Ես շատ եմ սիրել ձեր հողը. Դմիտրի Խվորոստովսկին կրկին Երևանում է

19:17 • 28.09.13

Հայաստանում է օպերային երգիչ, բարիտոն Դմիտրի Խվորովստովսկին ու վաղը՝ սեպտեմբերի 29-ին, ելույթ կունենա Արամ Խաչատրյանի համերգասրահում: Մինչ այդ, այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, բարիտոնը նշեց, որ ինքն ուրախ է ութ տարվա ընդմիջումից հետո կրկին լինել Հայաստանում:


«Ես շատ եմ սիրել ձեր հողը: Ես ամբողջ աշխարհում շատ հայ ընկերներ ունեմ, այդ պատճառով այս հողը ինձ համար սուրբ է: Մեծ հաճույքով եմ երգելու ձեզ համար»,- ասաց երգիչը:


Նշենք, որ համերգը կանցկացվի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Այս առիթով Դմիտրի Խվորոստովսկին նշեց, որ ինքն ուրախ է դրա համար, քանի որ մեծ ճանապարհ է անցել աշխարհահռչակ հայ դիրիժորի հետ:


«Մենք շատ աշխատանքներ ենք արել միասին ու շատ ենք պտտվել երկրագնդով մեկ: Ութ տարի առաջ Հայաստան եկել էի կրկին նրա հետ: Ես նպատակ չունեի երգելու ընդհանրապես, բայց բոլորը գալիս ու հարցնում էին գոնե ինձ ասա գաղտնի, թե ինչ ես երգելու ու ոչ մեկ չէր հավատում, որ չեմ երգելու: Ի վերջո, ես երգեցի: Կոնստանտին Օրբելյանը այնքան վստահ էր, որ չէի երգելու, որ մինչև անգամ հետը նոտաներ չէր վերցրել: Ի վերջո, ակապելլա երգեցի»,- պատմեց նա:


Հարցին, թե ութ տարիների ընթացքում արդյոք Երևանը փոփոխվել է, նա պատասխանեց, որ չի հասցրել տեսնել, քանի որ օդանավակայանից միանգամից եկել է փորձի:


«Ես տեսնում եմ, որ այստեղ մաքուր է, գեղեցիկ, արևոտ: Մարդիկ են գեղեցիկ, Մենք եկել ենք Մոսկվայից, այնտեղ այնպիսի տհաճ եղանակ է, իսկ այստեղ բոլորը հանված են, մայկաներով: Արևն է շողում»,- ասաց նա:


Անդրադառնալով Երևանում երգելու դժվարություններին բարիտոնը նշեց, որ այստեղ օդը չոր է:


«Երևանում շատ չոր եղանակ է, ես չեմ կարողանում նույնիսկ թուքս կուլ տալ, այդ չորությունը ազդում է իմ կոկորդին, մնացածը նշանակություն չունեցող բաներ են»,- ասաց նա և բոլորին հրավիրեց համերգի: