Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմ նկարահանող ռեժիսորը դադարեցրել է աշխատանքը
Հիլարի Քլինթոնի մասին փաստագրական ֆիլմ նկարահանող ռեժիսոր Չարլզ Ֆերգյուսոնը դադարեցրել է աշխատանքը ֆիլմի վրա, տեղեկացնում Lenta.ru-ն:
Ֆերգյուսոնի խոսքերով՝ նման որոշման պատճառը եղել է այն, որ Քլինթոնի հետ կապ ունեցող ոչ ոք չի ցանկացել հարցազրույց տալ: «100 մարդուց միայն երկուսն են համաձայնվել խոսել տեսախցիկի առջև»,-ասել է նա: Ռեժիսորի խոսքերով՝ դրանից հետո ինքը հասկացել է, որ չի կարող ստեղծել մի ֆիլմ, որով կհպարտանար:
Ֆերգյուսոնը նաև պատմել է, որ մի քանի անգամ հենց Հիլարի Քլինթոնի հետ հարցազրույց անցկացնելու անհաջող փորձեր է ունեցել:
Ռեժիսորի խոսքերով՝ ինքը նման արձագանքի է հանդիպել ֆիլմի դեմ սկսված արշավի հետևանքով, որին մասնակցել են ինչպես հանրապետականներ, այնպես էլ դեմոկրատներ:
Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը քննադատել էր այն փաստը, որ Հիլարի Քլինթոնի մասին միաժամանակ մի քանի ֆիլմ է նկարահանվում:










