Գյումրիի մանկավարժական ինստիտուտում ուսանողների թիվը կրճատվել է 50%-ով

21:59 • 30.09.13

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում այս տարի առկա համակարգում 670 դիմորդի փոխարեն ընդունվել է 320 դիմորդ: Պատճառը ցածր դիմելիությունն է: Բուհ-ի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վարձավճարների բարձրացումն այս հարցում ընդհանրապես դերակատարություն չունի, քանի որ իրենք ընդամենը 50 հազար դրամով են բարձրացրել վարձավճարները: Բուհ-ի հեռակա բաժնի 500 տեղի համար հայտ ներկայացրել են ընդամենը 250 դիմորդ: «Քննությունները դեռ չեն ավարտվել և դժվար է ասել, թե դիմածներից քանիսը կընդունվեն հեռակա բաժնում»,-ասաց Վարդևան Գրիգորյանը:


Ռեկտորի դիտարկմամբ, բուհերում ուսանողների թվի կրճատում նկատվում է ոչ միայն Գյումրիում: Դիմելիությունը ցածր է հատկապես այն մասնագիտությունների գծով, որոնք աշխատանքի շուկայում մրցունակ չեն համարվում: «Մենք ունենք 25-ական տեղ ֆիզիկայի, կիրառական մաթեմատիկայի, ինֆորմատիկայի բաժնում, սակայն 75 տեղի պարագայում ընդամենը 10-12 դիմորդ ունենք այս տարի,-նշեց Վարդևան Գրիգորյանը,-քիմիայի բաժնում 1-2 ուսանող է դիմել: Ինչ եմ ուզում ասել, որ հատկապես այս առարկաների գծով խիստ նվազել է դիմորդների թիվը»:


Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում դիմորդների մեծ քանակ է գրանցվել տարրական կրթություն՝ մեթոդիկա բաժնում և նախնական զինվորական պատրաստություն բաժնում: «Անգամ անգլերենի բաժնում այս տարի 48 տեղի համար 36 դիմորդ ենք ընդունել»,-ասաց Վարդևան Գրիգորյանը:


Ըստ բուհ-ի ղեկավարի, ուսանողների թվի պակասը կապված է արտագաղթի հետ: Վարդևան Գրիգորյանը բացառեց հանգամանքը, որ ծնողները գերադասեն իրենց երեխայի ուսումնառությունը կազմակերպել մայրաքաղաքային համանման բուհում ու դա ազդի իրենց ուսանողների թվաքանակի վրա: «Մենք վիճակագրություն ենք անցկացրել Աբովյանի մանկավարժական համալսարանի հետ կապված, որ ուսանողների թվով 2-րդ խոշոր բուհն է հանրապետությունում և մոտ 14 հազար ուսանողություն ունի, մատների վրա կարելի է հաշվել շիրակի ու գյումրեցի ուսանողներին»,-հավելեց Վարդևան Գրիգորյանը:


Խորհրդային տարիներին, հատկապես 80-ականներին, Գյումու մանկավավարժական ինստիտուտ ամեն տարի ընդունվել է 250 ուսանող: Անկախության տարիներին բուհ-ի ամենածաղկուն շրջանը կարելի է համարել 2003-2006թթ-ը: «Երեք տարի առաջ մենք շրջանավարտներ չունեցանք, դրանից առաջ միշտ էլ պլանները կատարել ենք: 2003թ-ին ունեցել են մոտավորապես 700 ուսանող առկա համակարգում և 450 ուսանող հեռակա համակարգում: Հիմա, լավագույն դեպքում, առկա, հեռակա բաժինները և մագիստրատուրան իրար հետ իրար կունենանք 700 ուսանող: Պատճառներից մեկն էլ մոդայիկ համարվող մասնագիտություններն են: Օրինակ Տնտեսագիտական համալսարանը դիմորդի խնդիր չունի»,-նկատեց Վարդևան Գրիգորյանը:

 

Գյումրիի մանկավարժական ինստիտուտում ուսանողների թիվը կրճատվել է 50%-ով