«Հայֆեստ»–ին Գյումրին կներկայացնի երիտասարդական «Անտիթատրոնը»

13:17 • 30.09.13

Գյումրիի երիտասարդական «Անտիթատրոնը» «Հայֆեստ» թատերական միջազգային փառատոնին մասնակցելու է «Սիրտդ ինձ տուր» ներկայացումով:

Ներկայացման ռեժիսոր Վարդուհի Գրիգորյանը «Tert.am»-ի հետ զրույցում ասաց, որ այս ներկայացումը մեկ անգամ արդեն խաղացվել է թատերական «X» փառատոնի շրջանակներում: Եղել են դրական արձագանքներ, որն էլ երիտասարդ բեմադրիչին ոգևորել են նույն աշխատանքով արդեն միջազգային փառատոնին հայտ ներկայացնելու համար:

«Ես ներկայացման տեսաերիզն էի ուղարկել հանձնաժողովին և պիտի ասեմ, որ շատ ուրախ եմ ընտրվելու համար, մանավանդ իմացել էի, թե որքան խիստ մոտեցում են ցուցաբերել այս տարի հանձնաժողովի անդամները ներկայացված գործերն ընտրելիս»,- ասաց Վարդուհի Գրիգորյանը:

Ներկայացումը մտքի տրագեդիա: Ռեժիսորը երեք դերասանուհիների միջոցով փորձել է ներկայացնել մեկ կնոջ եռատված էությունը: Պիեսը մի քանի տարի առաջ բեմադրել է դրամատուրգ, ռեժիսոր Իվան Վիրիպայևը:

Վարդուհի Գրիգորյանի փոխանցմամբ, պիեսն իր ձեռքն է անցել պատահաբար, երբ համացանցով փնտրել է ինչ–որ սկանդալային գործ՝ էքսպերիմենտալ բեմադրություն անելու նպատակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից 12-ն անցկացվող «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի մեկնարկում է 11-րդ անգամ: Մասնակցում են 23 թատերախմբերի Հայաստանից և արտերկրից: Փառատոնը կբացի Էդինբուրգի «1927» թատրոնը: