ՆԱՍԱ-ն հրապարակել է Պակիստանի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած կղզու պատկերները
Նախորդ շաբաթ տեղի ունեցած և ավելի քան 500 մարդու մահվան պատճառ դարձած պակիստանյան երկրաշարժի հետևանքով նոր կղզի է հայտնվել, որի լուսանկարներն է ներկայացրել ՆԱՍԱ-ն, հայտնում է RT-ն:

Սեպտեմբերի 24-ին ի հայտ եկած կղզին ստացել է «Զալզալա ջազիրա»` «Երկրաշարժի կղզի» անվանումը: Կղզին գտնվում է Արաբական ծովում` Պակիստանի Սուադար տեղանքում, երկրաշարժի էպիկենտրոնից 380 կմ հեռավորության վրա:
ՆԱՍԱ-ն նորահայտ կղզու առաջին լուսանկարն արել էր սեպտեմբերի 26-ին: Առկա է նաև նույն տեղանքի` ապրիլին արված լուսանկարը` արդեն առանց կղզու:


Գիտնականները, սակայն, նշում են, որ կղզին ոչ այլ ինչ է, քան ցեխի, ավազի ու քարերի կույտ, որն առաջացել է մեծ ճնշման գազերի արդյունքում:

Գիտնականները նշում են, որ սա այդ տեղանքում ի հայտ եկած առաջին կղզին է վերջին 700 տարում, նաև կանխատեսել, որ կղզին Արաբական ծովի խորքը կանցնի առաջիկա մեկ տարում:










