Թատրոնն իմ ամուսինն է, իսկ կինոն կամ սերիալները՝ իմ սիրեկանները. Անահիտ Աղասարյան
Ընդամենը տասը տարեկան էի, երբ մի անգամ բարեկամներից մեկի տանը խաղալիս, գտանք ապշելու գեղեցիկ ձեռագրով նախշած մի հաստափոր տետր, որն, առանց չափազանցության, շրջեց իմ փոքրիկ և հիմար կյանքը։ Տետրը պատմում էր սիրային խելահեղությունների, գրականությամբ ու թատրոնով բռնկված մարդկանց բոհեմների ու անդրկուլիսյան անսանձ ու ազատ կյանքի մասին։Այդ զարմանահրաշ տետրը մեր քթից բռնած մեզ քարշ էր տալիս քաղաքի բոլոր գրադարաններն ու գրախանութները. պետք էր շտապ գլխի ընկնել, թե ով էր տետրում հիշված այն Խորեն Բաբկենիչը կամ Ջանիբեկյանն ու Սարոյանը, տիկին Նորան, Շեքսպիրը, Ստանիսլավսկին և հատկապես, Դուրգարյան Նարան, ում այդպես էլ չգտանք մինչ օրս։ Ամենասարսափելին այն էր, երբ մեր գլխից մեծ գրքերի անունները տալն ու հերթական գրադարանավարուհու ծկլթոցը մեկ էր լինում, որին հետևում էր սպառնալիքը՝ «ստուգելու եմ կարդացածդ»։
Իսկ տետրն ավելի վեհ ու խորհրդավոր դարձավ, երբ իմացանք, որ նրա հեղինակ, թատերականի ուսանողուհի Անահիտ Աղասարյանն անբռնազբոս որոշում է կայացրել և գնացել իր սիրո ետևից՝ իրենից ահագին մեծ Կարեն Ջանիբեկյանի մոտ։Եվ մինչ բարեկամությունը (հատկապես նրա տատը, ով շատ էր գալիս մեր տուն ) ծնկներն էր թակում, ես, մի տեսակ, փառավորված էի, որ սերը հաղթել է, որ տետրը չի ստում...
Ամեն անգամ, տխրել եմ, երբ սերիալների տիտրերում կարդացել եմ դրամատուրգ Անահիտ Աղասարյանի անունը ու դրա համար էլ զրուցելով նրա հետ՝ ես ավելի շատ փորձում էի հասկանալ, թե ինչը նրան հրեց այդ աշխարհ, չէ՞, որ իմ փոքրիկ ու հիմար կյանքը շրջած այդ կինը տեղով մեկ թատրոն էր, սուր դրամատուրգիայով բռնված Մեծ Թատրոն......
-Եթե գաղտնիք չէ, ի՞նչ գործի վրա եք աշխատում այս պահին։
-Հիմա բազմասերիանոց ֆիլմի սցենար եմ գրում։
-Իսկ Դուք՝ որպես դրամատուրգ, չե՞ք ափսոսում Ձեր ժամանակը, որ տրվում եք այդպիսի նախագծերի և ստիպված եք սերիալային ձևաչափերում արտահայտվել։
- Ես նախկինում արել եմ սերիալներ։ Բայց սա արդեն բազմասերիանոց ֆիլմ է։ Նախնական պայմանավորվածությամբ՝ 16 սերիա։ Կարող է և ավելի քիչ լինել։ Որպես դրամատուրգ՝ շարունակում եմ իմ գործունեությունը։
-Իսկ այդտեղ ուրիշ ի՞նչ հետաքրքրություն կա՝ բացի ֆինանսականից։
-Սերիալն էլ իր հետաքրքրությունն ունի։ Դա երթ է մութ անտառով, որտեղ քեզ մեծ անակնկալներ են սպասվում. Կարող է դիմացդ արջ հայտնվել, վագր կամ սկյուռ...
-Օ, բայց արժե՞ այդ անտառային մութ փորձությունների համար զոհել մասնագիտական կարողությունները։
-Եթե մասնագիտական կարողություններդ բավարարում են, կարող ես նվիրել և՛ սերիալին, և՛ ավելի լուրջ գործերի։ Ես լուրջ աշխատանքից չեմ հրաժարվել։ Անցյալ տարի իմ պիեսը տպագրվեց, գեղարվեստական լայնամետրաժ ֆիլմի սցենարն արվեց։ Երեկ, օրինակ, իմ տանը պիեսի ընթերցումն էր. հավաքվել էին ռեժիսորը, դերասանները։
-Գաղտնիք չէ, որ սերիալներում կիրառվում են բազում մանիպուլյատիվ գործիքներ՝ մարդկանց ակտիվ հասարակական կյանքից կտրելու, թմրեցնելու, քո կյանքը թողած՝ այլոց կյանքն ապրելու և այլն։ Ընդհանրապես, ի՞նչ հանձնարարականներ էր Ձեզ տրվում պատվերի հետ միասին և ինչպե՞ս էր վերահսկվում այդ ամենը։
- Ինձ երբեք ոչ մի հանձնարարական չի տրվել։ «Արմենիայով» արել եմ «Հարևաններ», իսկ Հանրայինով՝ «Հանուն սիրո» սերիալները։ Եվ ինձնից բացի որևէ մեկը չի իմացել, թե ինչ է լինելու հաջորդ սերիայում։ Հեռուստաալիքների ղեկավարներն ընդհանրապես տեղյակ չեն եղել սցենարական զարգացումներից։ Ուղղակի ճանաչել ու վստահել են ինձ։ Նրանք ընդամենը նախնական խոսակցություն են ունեցել ինձ հետ և՝ վերջ։ Եվ միայն եթերում են տեսել մնացածը։
-Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ այլ սերիալային սցենարիստների դեպքում հաստատ այդպես չէ։
-Ես շփում չունեմ այլ սցենարիստների հետ։
-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա սերիական սցենարիստների դպրոցը։ Տանելի՞ է վիճակը։
-Ինքս սերիալ չեմ նայում. ես սերիալ նայող չեմ, ես սերիալ գրող եմ (ծիծաղում է)։ Դրա համար տեղյակ չեմ, թե ինչ են գրում նրանք։
-Օրինակ, Դուք չե՞ք հետևում, թե Ձեր աշխատանքն ինչպե՞ս է բեմադրվել։
-Իմը նայում եմ, իհարկե՝ ոչ ամեն սերիա, այլ այն սերիաները, ուր ինձ հետաքրքրիր է, թե ինչպես է դերասանը քաշում, տանում ինչ-որ կարևոր կտոր, կարողանո՞ւմ է տակից դուրս գալ, թե՞ ոչ։ Իսկ ուրիշներինն ընդհանրապես չեմ նայում։
-Իսկ պե՞տք է, սերիալում անցկացնել կարևոր քաղաքական մեսիջներ, գաղափարական հստակ ուղղորդումներ տալ, հանրային միտքը որոշակի առումով կոդավորել, կամ ասենք, աշխատել մարդկանց ճաշակի վրա, ինչին կոչված է գեղարվեստն ընդհանրապես։
-Գիտեք, սերիալը պրոպագանդայի մեծ զենք է։ Եվ նրանով այնպիսի ենթատեքստային մեսիջներ կարելի է ուղարկել մարդկանց, որ հեռուստադիտողն էլ չիմանա, թե որոշ ժամանակ անց ինչպես է փոխում իր կարծիքն ինչ-որ հարցի վերաբերյալ։ Իսկ եթե խաղարկային արվեստի միջոցով է այդ մեսիջը փոխանցվում, դա հենց ամենակարճ ճանապարհն է։ Իհարկե։
-Դուք ի՞նչ մեսիջներ եք փոխանցել հանրությանը Ձեր սերիալների միջոցով։
- «Հանուն սիրո»-ի մեջ փորձել եմ համբերատար, լուռ և իր նպատակին հասնող կնոջ կերպար կերտել, ով ասել է այն, ինչ ասել է։
-Իսկ ի՞նչ եք կարծում, այդ սերիալները վնասակար չե՞ն հասարակության առողջության համար. թմրադեղի պես մի բան չե՞ն։ Կարծեմ, ամբողջ աշխարհում սերիալները հենց դրան էլ կոչված են՝ նույնականացման էյֆորիայի մեջ գցել մարդուն և, մի տեսակ, սակավամիտի պես պահել՝ ոչ մեռած, ոչ կենդանի վիճակում։
-Ուրեմն, սկսենք սրանից. իմ սերիալները չեն վնասել։ «Հարևանները» ծիծաղեցրել է, նպաստել է, որ երեկոն անցնի ուրախ և որ հեռուստադիտողն ինչ-որ չափով ցրվի իր առօրյա հոգսերից։ «Հանուն սիրո»-ի դեպքում շատ դեպքեր են եղել դերասանների հետ, երբ հեռուստադիտողները մոտեցել են նրանց և շնորհակալություն են հայտնել, հատկապես Նելլիի Խերանյանին։ Շատ են եղել այնպիսի կանայք, որոնց ամուսինները արտագնա աշխատանքի էին մեկնել և անհետացել։ Իսկ այդ սերիալը նրանց ուժ է տվել սպասելու անհայտ կորած ամուսնուն։ Սերիալը երկու տարի գնաց, և ասել են՝ «Ես սպասեցի նրան, և նա վերադարձավ։ Դուք ինձ օգնեցիք, որ ես համբերատար սպասեմ»։ Նելլին ինձ սա մի քանի անգամ պատմել է։
-Դուք, իհարկե, սցենարիստի վարպետությամբ բավականին սուր դրամատիկ տեսարան ներկայացրիք։ Նելլի Խերանյանն ու նրա ամուսին Տիգրան Ներսիսյանը կախարդական փակ շղթայի պես պտտվում են բոլոր սերիալներում, նաև՝ Ձեր կողմերում։ Դո՞ւք եք նրանց ընտրում, թե՞ նրանք՝ Ձեզ։
-Ինձ մոտ նրանք «Հանուն սիրո» սերիալում էին միայն ներգրավված։ Եվ ես երկուսին էլ հավանում եմ։ Երկուսն էլ լուրջ դպրոց անցած դերասաններ են և տիրապետում են այդ գործի ոչ միայն արվեստին, այլև արհեստին։
-Իսկ ի՞նչ կա Ձեր անձնական կյանքում։ Դուք, փաստորեն, բաժանվեցիք մեծ դերասան Կարեն Ջանիբեկյանից, չէ՞։
-Այո, ես վաղուց եմ նրանից բաժանվել։ Եվ երբ սկսում են այդ թեմայից խոսել, ես իմ բակից մի ձայն եմ լսում՝ «Հին շոր, հին կոշիկ»։ Այդպիսի ասոցիացիաներ է բերում այդ թեման։
-Դե, փառք Աստծո, որ «Դանակ-մկրատ սրեմը» չի բերում։ Կնշանակի վրիժառություն, գոնե, չունեք։
- Չէ, կոշիկը լավ սիմվոլ է ինձ համար։ Բայց այդ թեմայի մասին, իսկապես, լսել չեմ ուզում։
-Թեմայի՞ մասին լսել չեք ուզում, թե՞ թեմայի հերոսի մասին։
-Չէ, ընդհանրապես, դա կյանքի մի էտապ է, որն արդեն անցել է։ Ես օրհնել եմ այդ անցյալը և այն բաց եմ թողել։ Եվ քանի որ դա իմ անցյալն է, ես դրա նկատմամբ չեմ կարող վատ վերաբերմունք ունենալ։ Ամեն անգամ, կարծես, ինձ հարցնեն, թե Դուք ապրում էիք այսինչ տեղում, գնում էիք 7 համարի տրոլեյբուսով։ Անընդհատ այդ տրոլեյբուսի մասին խոսելն ուղղակի հետաքրքիր չէ։ Իսկ թե ինչ մտային հետևանքներ է թողել դա.... որովհետև ինչ կատարվում է քեզ հետ, քո կողքով չի անցնում, այլ՝ սրտիդ միջով և գնում է...
-Եվ, անպայման գնում է դեպի սցենա՞ր, դեպի գի՞ր։ Ամեն դեպքում, հիմա մենակ մնացիք, այո՞։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ է մենակ կինը։ Վտանգավո՞ր բան է։
-Ընդհանրապես, ապրում եմ տղայիս՝ Սոսի հետ։ Իսկ միայնակ կնոջ մասին կասեմ սա. քանի որ վերջերս ավելի ազատ եմ,
հավաքույթների շատ եմ մասնակցում և իմ տարիքի մյուս կանանց մոտ, երբեմն բռնացնում եմ մի հայացք, որ նրանք նախանձով են նայում իմ և իմ նմանների վիճակին։
-Զարմանալի է։ Արդյո՞ք... սա հայ կանանց հանրության դեպքում նոր երևույթ է։
-Նախ՝ ի՞նչ է նշանակում միայնակ կին։ Մարդը երբեք միայնակ չէ, նա միշտ իր խղճի հետ է։ Դա արդեն նշանակում է, որ ինքը միայնակ չէ։ Եվ, ընդհանրապես, եթե մարդն իր մենակությանը չի դիմանում, ուրեմն նա չի կարող տանել իր ընկերակցությունը։
-Փաստորեն, Դուք միշտ Ձեզ հերիք եք եղել։ Վանո Սիրադեղյանի ասած՝ Դուք այդ ո՞վ էիք, որ Ձեզ այդքան հերիք էիք։
-Չեմ հասկանում, թե ինչ է ասել Վանո Սիրադեղյանը, բայց ես միշտ հաշտ եմ եղել ինքս ինձ հետ։ Ես սիրում եմ մենակությունը։
-Ենթադրվում է, որ Դուք ավելի լավ պիտի ճանաչեք մեր հանրությանը, չէ՞ որ պատկերում եք նրան։ Հուշեք ինձ, խնդրեմ, մենք ի՞նչ հասարակություն ենք։
-Քաոսային. մի բառով այդպես կասեի։
-Լավ, ի՞նչ արժեհամակարգերի վրա է կանգնած այս հասարակությունը։ Այսինքն, ո՞րն է նրա հողը, որը եթե նրա ոտքի տակից քաշես, ինքը կընկնի։
-Գիտե՞ք, քաոսային է շատ և ինձ համար անհասկանալի բաներ են կատարվում։ Օրինակ, հենց քաղաքական կյանքում կան բաներ, որ ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Երբ նայեցի որոշ քաղաքական ելույթներ Մաքսային միության հետ կապված, հետո մխիթարվեցի նրանով, որ իրենք էլ էին ասում, որ չգիտեն՝ դա մեզ համար լա՞վ է, թե՞ վատ, և որ դրանով պետք է զբաղվեն մասնագետները։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այդպես ասաց իր ելույթում։ Ես այստեղ, իհարկե, մի քիչ հանգստացա։
- Պարզ է, որ քաոսը դժվար է վերածել սցենարների։ Ամենուր կոնֆլիկտ է, իսկ լուծումները չկան ու չկան։ Փաստորեն, քաղաքական դրամատուրգիան էլ, մեծ հաշվով, վատ է կառուցված։ Եվ այստեղ գործն ավելի է բարդանում։
-Իսկ ո՞վ է մինչև վերջ ըմբռնել քաոսը։ Ո՞ր մի հեղինակն է կարողացել վերջնական պատասխաններ գտնել ժամանակի պրոբլեմներին։
-Լուծում ասելով՝ ես ամենևին նկատի չունեմ դեղատոմսը։ Այնուամենայնիվ, դրամատիկ ստեղծագործությունը, սկսելով նախադրությունից, պիտի հանգուցավորվի և գնա դեպի լուծում։ Այդպես չէ՞։
-Դուք հիմա խոսում եք «ինչպեսի» մասին։ Դա դրամատուրգիա կառուցելու հետ կապ չունի։ Քիչ առաջ մենք խոսում էինք «ինչի» մասին։ Ես այն տարիքում եմ, այն սահմանագծից այն կողմ, որ ավելի շատ չեմ հասկանում, քան՝ հասկանում եմ։ Կամ՝ փորձում եմ հասկանալ։
-Ամեն դեպքում, Լիր արքան պետք է առանձնանա։ Պիտի երևա էտալոնային, սիրելի հերոսը։ Եվ հենց այստեղ եմ զարմանում, թե ինչպես եք կարողանում անուններ տալ այսօրվա քաոտիկ իրադարձություններին։ Ես, օրինակ, հիմա շատ վախենում եմ գրել։ Դրա համար եմ այս հարցը տալիս։
-Դե, գրականությունը, արվեստը արտացոլում են կյանքը ու խոշորացույցով, և դա իմ միտքը չէ։ Ես էլ արտացոլում եմ այն, ինչ գալիս է դեպի իմ մտածողություն։ Ամբողջն ընդգրկել, իհարկե, հնարավոր չէ։ Ես այդ նույն քաոսի մեջ փորձում եմ օրիենտիրներ գտնել, խնդիրներ առաջադրել, որ մարդիկ մտածեն այս խնդիրների մասին ևս, և չունեմ իրավունք տալ այդ հարցերի պատասխանները։ Հիմա միայն միամիտը կարող է պատասխանել հարցերի։
-Գիտե՞ք, բոլոր ժամանակներում էլ եղել են դրամատուրգները, ովքեր պատկերել են վաղվա իրադարձությունը։ Նույն Սարոյանն էր ասում՝ «Իմ պատմվածքները կհայտնաբերվեն նորից ու նորից»։ Որովհետև գրում ես, որ լինի, ոչ միայն այն՝ ինչ եղել է, չէ՞։ Այնուամենայնիվ, ստեղծագործությունը չպե՞տք է միֆականություն ունենա։
-Ես ինչ անում եմ, ուզում եմ, որ ապրեցնող լինի...
-Չեմ հասկանում, թե ինչ է նշանակում՝ ապրեցնող։ Եթե դա, այսպես կոչված, լավատեսականն է, ուրեմն, ինչպե՞ս ասեմ՝ ամենաապրեցնող բանն, ուրեմն, սուտն է։ Ես այս պահի դրությամբ, ահագին ավելորդ կիլոգրամներ ունեմ։ Եթե ասեք, որ ես նիհարել եմ, ապա, հաստատ, ինձ ավելի կապրեցնեք...
-Գիտե՞ք, Ձեր սիրած Սարոյանն է, կարծեմ, ասել, որ արվեստը տեղով մի մեծ սուտ է։ Բայց այնպիսի սուտ, որ օգնում է հասկանալ ճշմարտությունը։ Դա արվեստի սուտն է, ոչ թե իրականության։ Արվեստը բացարձակ իրականությունը չէ։ Դա հենց այդ մեծ սուտն է։ Բնականաբար, ես չեմ ստում արվեստում, ես անկեղծ եմ և գրում եմ այն, ինչ մտածում եմ, ինչ զգում եմ։ Սուտ գրեմ՝ լավ դերասանը դա չի խաղա։
-Ունե՞ք այնպիսի դերասաններ, որ պատերազմում են Ձեր գրած տեսարանների հետ։ Թե՞ բոլորը հլու-հնազանդ մտնում են Ձեր գրած տեքստերի տակ։
-Եթե խելոք դերասան է, ստեղծագործական մոտեցում ունի նաև տեքստին։ Չնայած, ես երբևէ իմ պրակտիկայում խնդիր չեմ ունեցել որևէ դերասանի հետ և միշտ աշխատել եմ այնպես անել, որ ինձ մոտ խելոք դերասաններ լինեն։ Թատրոնը, կինոն կոլեկտիվ ստեղծագործություն է և թիմային աշխատանք. մենք պետք է լսենք և հարգենք իրար։
-Տիկին Աղասարյան, ես քաջ գիտեմ հեռուստատեսային խոհանոցը և թե ինչ պայմաններում էին նկարահանվում այդ սերիալները, ինչպիսի մասնագիտական խղճով ու կարողությամբ, ինչ խայտառակ լաբորատոր պայմաններում։ Էլ չեմ խոսում ռեժիսորական տրաֆարետային աշխատանքի և մնացած բաների մասին։ Այդ մակարդակը Ձեզ պիտի որ չբավարարեր։ Դուք պիտի ընդդիմանայիք դրան, թույլ չտայիք, որ Ձեր սցենարն այդպես քաշքշվեր։ Չեմ հասկանում, Դուք ինչո՞ւ դրանք չեք քննադատում հիմա։
-Այս պահին այդ խոսակցությունը հնացած է։ Հիմա նոր էտապ է սկսվել և արվում են բազմասերիանոց ֆիլմեր։
-Բայց ո՞րն է դրանց տարբերությունը, որ մի քանի սենյակներից դուրս եկան և ընկան անտառների ու թփուտների մե՞ջ։ Դրանից փոխվե՞ց աշխատանքի կուլտուրան։ Ընդամենը ձևաչափ փոխելով ի՞նչը կփրկվի, մանավանդ, որ դեժավյուի պես կրկնվելու են նույն ռեժիսորներն ու դերասանները. օպերատորների անունը չտամ, նրանք միշտ ավելի անմեղ են։
-Հիմա նախապես է գրվում ամբողջ սերիալը՝ մինչև ֆիլմի ավարտը։ Պատրաստի սցենարի վրա արվում է «քասթինգ»՝ փորձում են դերասաններին, հետո նոր ամբողջությամբ նկարահանում են, մոնտաժն անում, պատրաստում, նոր դրանից հետո նյութը մտնում է եթեր։ Հիմա, փաստորեն, աշխատանքի սկզբունքն է փոխվել։
-Հիմա Դուք այնքան լավատես եք, որ կարծում եք, թե նախկին խոզությունից բան չի՞ մնա, կներեք բառիս համար, բայց այդ թափոնը, որ սերիալ անունով լցվում էր մեր բնակարաններ, այլ բառով ավելի դժվար կլիներ բնութագրել։
-Ես մարգարե չեմ։ Այս պահին սցենար գրելու ընթացքն է, և մենք՝ ռեժիսոր, պրոդյուսեր, ևս մի քանի հոգի, հավաքվում, ընթերցում ենք, նոր առաջ ենք գնում։ Այլևս ոտքի վրա ոչինչ չի արվում՝ վերանայվել են սկզբունքները, չգիտեմ... Հիմա սցենարը, երբ կավարտվի, նոր մնացած գործերը կսկսվեն։
-Բա այդ դեպքում ինտրիգը չի՞ կորի. բոլորը կգան, Ձեզնից սցենարը կհարցնեն, այդքան գաղտնիք հնարավո՞ր է փորում պահել։
-Գիտե՞ք, բոլորն էլ գիտեն, թե ինչ է կատարվում «Պեպոյում»՝ բարաթը կորելու է։ Բայց այսօր էլ, երբ «Պեպո» է բեմադրվում, մարդիկ գնում են դիտելու՝ հաստատ իմանալով, թե ինչ է լինելու այնտեղ։ Որովհետև դու չես գնում նայելու «ինչը», այլ՝ «ինչպեսը»։
-Բայց սերիալի և ավելի պինդ ստեղծագործությունների տարբերությունն էլ հենց այն է, որ սերիալն ինչն է, իսկ լուրջ ստեղծագործությունը՝ ինչպեսը...
-Դրա համար էլ հիմա փորձում ենք այնպես անել, որ այստեղ էլ լինի «ինչպեսը»։ Եվ եթե անգամ սցենարն իմանան, անպայման նայեն։
-Իսկ թատերական կյա՞նքն ինչպես եք գնահատում։ Երկրում աշխույժ թատերական կյանք կա՞։
-Քանի տարի է՝ թատրոնի հետ կապ չեմ ունեցել։
-Թատրոն չե՞ք գնում։
-Ոչ, չէի գնում։ Եվ թատրոնն էլ չէր գալիս ինձ մոտ։ Մենք չէինք հանդիպում իրար։
-Խռովե՞լ էիք։
-Այո։ Բայց պատահեց Գյումրիի թատերական փառատոնը, որտեղ ինձ հրավիրել էր Նիկոլայ Ծատուրյանը՝ ասելով, որ ժամանակն է վերադառնամ թատրոն։ Իսկ այն, ինչ այնտեղ տեսա, ապշեցի։ Շատ ներկայացումներ դիտեցի և հաջորդ փառատոնին պատրաստվում եմ ներկայանալ երկու պիեսով։
-Այո, Գյումրիում շատ սիրուն զարգացումներ կան, լավ հանդիսատես և ոգևորված երիտասարդություն։ Գիտեմ, որ այդ փառատոնը փառահեղ է անցել։
-Այո, դահլիճները լեփ-լեցուն էին։ Ընդ որում, օրական երկու, երբեմն՝ երեք ներկայացումներով։
-Այսօր տեխնոլոգիական նոր թատրոնի շրջան է ամբողջ աշխարհում՝ տեխնոլոգիական նոր տարրերով հագեցած, մուլտիմեդիաների կիրառմամբ։ Մոդեռն թատրոնի ժամանակն է ազդարարված աշխարհում։ Հայաստանում այդ նորարարական շունչն զգացվո՞ւմ է։
-Այո, այստեղ էլ կան այդպիսի ներկայացումներ։ Ես նայել եմ մեկ-երկուսն ու ահագին տպավորվել։ Բայց այդ մոդեռն ասվածը հորինված բան է։ Այն, ինչ տաղանդավոր է, միշտ նոր է։ Ապաշնորհն ինչ մոդեռն տեխնոլոգիա ուզում է օգտագործի՝ իր դեպքում դա հենց հնոտիքն է։
-Այսօր Հայաստանում քանի՞ դրամատուրգ կարող է լավ, արվեստով դիալոգ սարքել։
-Ինձ համար լավն այն է, ինչ արված է տաղանդով։ Նույնիսկ սերիալը։ Լավ սերիալին ես լավ եմ վերաբերում, վատին՝ վատ։ Ժանրը երբեք վատը չի լինում։ Կատարումն է լինում վատը։
-Ձեր ասածից բխում է, որ օրինակ՝ ռաբիս ժանրը չի՞ կարող լինել վատը։
-Իմիջիայալոց, ես Ձեզ ասեմ՝ մուղամը Յունեսկոյում ընդունվել է որպես համաշխարհային արժեք։
-Դե, մուղամն այլոց ազգային երաժշտությունն է։ Մեր ռաբիսն ի՞նչ կապ ունի սրա հետ։
-Չէ, օրինակ, Թաթան էլ է ռաբիս, բայց հաճելի լսվում է։ Հարսանիքների ժամանակ ի՞նչ կառաջարկեիք միացնել՝ Չայկովսկու 2-րդ սիմֆոնիա՞ն։
-Ինչո՞ւ ոչ։ Մեզ մոտ արդեն կարծրատիպ է դարձել, որ հարսանիքը պետք է սպասարկի ռաբիս երաժշտությունը։ Իսկ ո՞վ է ասել, որ դասականն ավելի փառահեղ չի հնչի այդ արարողության ժամանակ։
-Իմ տղայի հարսանիքին ես դրել էի «Կարմենը»։ Եվ դրանով էլ սկսվեց հարսանիքը։
-Դե, տեսնո՞ւմ եք, թե ինչ հրաշալի սցենար եք մտածել։ Այսպիսի հարց. իսկ հասարակական-քաղաքական ի՞նչ ջերմաստիճանի վրա եք։ Ունե՞ք ակտիվություն, թե՞ սցենարները ստիպում են նստակյաց կյանքով ապրել, չլքել աշխատասենյակը։
-Ես նստակյաց կյանքով չեմ ապրում։ Շատ ճանապարհորդում եմ և՛ Հայաստանում, և՛ այստեղից դուրս։ Մարդկանց հետ անընդհատ եմ շփվում։ Դա ինձ հետաքրքիր է։ Դրանից են առաջանում իմ ստեղծագործական կուտակումները։ Նստակյաց կյանքը, հաստատ, իմ մասին չէ ասված։ Բայց քաղաքական ակտիվություն երբեք չեմ ցուցաբերի, որովհետև ես չեմ անում այն, ինչը չգիտեմ։ Ես կարող եմ իմ վերաբերմունքն ունենալ դրան։ Բայց՝ ոչ ավելին։ Իհարկե, քաղաքական-հասարակական կյանքն ինձ շատ հուզում է, հատկապես՝ այսօր։ Երբեք այսքան հուզումնալից և բորբոքված վիճակում ես չեմ եղել։
-Ի՞նչն է ամենաշատը Ձեզ անհանգստացնում։
-Օ՜, այնքան բաներ կան։ Երբ, օրինակ, արտասահմանից գալիս և էկզոտիկ որս են կազմակերպում մեր քարայծների վրա, որոնք «Կարմիր» գրքում են։ Ինձ սարսափելի անհանգստացնում են էկոլոգիական հարցերը, այս ծառահատումները, որի տեղը թունավոր արտադրություն են հիմնում։ Դրանից ամենաշատն եմ վրդովվում։
-Իսկ մա՞րդը, մա՞րդը...
-Այս ամենը հենց մարդու մասին է։ Ինձ սարսափելի անհանգստացնում է, որ օլիգարխի տղան կարող է մտնել և սեռական ցանկություն հայտնել ներկա գտնվողների մայրիկների հանդեպ։ Եվ ոչ մի տղա չի կարողանա տեղից վեր կենալ ու պատասխանել, որովհետև գիտի, որ վաղը կարող է կորչի իր ընտանիքը։ Ու սա մենք գիտենք բոլորս։ Ես շատ եմ շրջում Հայաստանում և տեսնում եմ, որ գյուղերը, քաղաքները դատարկվում են։ Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ, ախր ինչո՞ւ եք գնում»։ Ինձ ասում են՝ «Գործ լինի, չենք գնա»։
Ինձ ամենաշատ անհանգստացնում է անարդարությունը։ Մեր ժողովուրդը հացի պակասը կարող է տանել, իսկ անարդարությունը՝ երբեք։ Հայը արդարության հիվանդագին, սուր զգացում ունի։ Այսօր օլիգարխի տղան կարող է մտնել բար ու հայհոյել, և իր սիրած աղջկա հետ նստած տղան ոչինչ չի կարող անել։ Նույնիսկ, կարող է ամուսնու ձեռքից խլել կնոջը՝ հենց այդպես, մազերից ձգելով։ Եվ ամուսինը չի կարող դրան պատասխանել, որովհետև նա այսինչի տղան է. գիտեն, որ ձեռքին, անպայման, զենք կա, ինքն էլ թմրադեղի տակ է։
- Իսկ այդ նոր կինոսերիալի մեջ Ձեր խելոք և ուժեղ հերոսուհին վերջում մենակ կմնա, չէ՞։
-Ոչ, ինչո՞ւ պիտի մենակ մնա։
-Դե, հայկական իրականության մեջ խելոք և ուժեղ կինը դատապարտված չէ՞ մենակության։
-Դուք ամուսին չունե՞ք։
-Ոչ։ Բայց ես խելոք ու ուժեղ չեմ։
-Ներեցեք անհամեստությանս, բայց ես էլ ունեցել եմ ամուսին, չէ՞։
-Դե, ամեն մարդ ունի սխալվելու իրավունք (ծիծաղում ենք)։
-Այո, բոլորս էլ սխալվում ենք։ Սա կյանք է, որը պետք է տանել։
-Իսկ Ձեր հերոսն ունի՞ որոշակի նախատիպ։ Ո՞ւմ եք տեսել նրան պատկերելիս։
-Ոչ, նախատիպը չկա։ Գուցե կա, բայց ես նրան չեմ ճանաչում։
-Քաղաքական գործիչներից Անգելա Մերկելը չի՞ կարող լինել նախատիպ։
-Ոչ, նա դաժան, վրիժառու ու չար նստվածքով կին է։
-Ձեր հերոսուհին այդքան բարի՞ է։
-Այո, տեղ-տեղ նաև բարի է։
-Ես բարիներից վախենում եմ։ Չի կարող մարդը լինել արդար, համ էլ՝ բարի։
-Բրազիլական սերիալներում է լինում լավ, վատ, անմեղ մեղավոր... Իմ հերոսները առողջ մտածող և դատող մարդիկ են։ Եվ, իմիջիայլոց, շատ զգացմունքային։
-Մենք, կարծես, ավարտում ենք մեր հարցազրույցը, բայց երևի նաև իմ մեղքով մի տեսակ, սերիալային ստացվեց։ Ես, իհարկե, ցավ եմ զգում դրա համար, որովհետև կուզեի, որ զրույցը մաքուր թատերական լիներ։ Սա Ձեզ չի՞ խոցում, որ այսպես գնացինք։
-Գիտե՞ք, ես երեք տարի շարունակ սերիալ չէի էլ գրում…
- Դուք ասացիք, որ Գյումրիի փառատոնը Ձեզ շատ ոգևորել էր։ Եվ ես շատ ուրախացա, որ վերջնականապես կվերադառնաք թատրոն: Այդ երկու սցենարները, որի մասին խոսեցիք, շատ ոգևորեց ինձ: Արդեն աշխատո՞ւմ եք դրանց վրա։
-Այո։ Մեկը նույնիսկ արդեն գրված է։ Այնտեղ կին-տղամարդ փոխհարաբերություններն են, գենդերային որոշակի հարցեր են առաջ քաշվում։
-Ծատուրյանի բեմադրությամբ Ձեր «Փրկեցեք մեր հոգիները» ներկայացումը մեծ հաջողության հասավ։ Հիմա նրա հետ խորհրդակցո՞ւմ եք սցենարական զարգացումների շուրջ։ Վատ չէ, կարծեմ, երբ ռեժիսորը ներկա է սցենարի առաջին քայլերից։
-Չէ, ինչո՞ւ պետք է ռեժիսորը կեսից միջամտի։ Նրան պատրաստի պիես է ներկայացվում։ Զարմացա նույնիսկ։
-Իսկ ես զարմացա, որ Դուք զարմանում եք։ Իսկ ինչո՞ւ պետք է ռեժիսորը ամենավերջում տեղյակ լինի սցենարական բոլոր զարգացումներից։
-Կինոյում՝ դա անգամ անհրաժեշտ է, իսկ թատրոնում՝ երբեք։ Կինոն չի ստեղծվում գրասեղանի մոտ և իր ավարտուն տեսքը ստանում է նույնիսկ դերասանների, նկարչի, կոմպոզիտորի ու լուսավորողի, մյուսների մասնակցությամբ։ Բայց թատրոնում՝ ոչ։ Հենց դրանով է թատրոնը կինոյից տարբերվում. կինոն անցյալ ժամանակի մեջ է և ավարտուն։ Իսկ թատրոնը կախարդանք ու մոգություն է և ամեն անգամ նոր է։ Այսօրվա ներկայացումը նույնը չէ, ինչը՝ երեկ։ Ներկայացումն արարվում է հենց այդ պահին և թատրոնի ժամանակը ներկան է, իսկ կինոյինը՝ անցյալը։
-Ձեր խոսքերից թատրոնի նկատմամբ այնպիսի կարոտ է հոսում, որ այս պահին չեմ էլ ուզում ընդդիմանալ, որ այսօր աշխարհում սցենարիստն ու ռեժիսորն արդեն մի մարմին են։ Եվ եթե մարմնի կեսը բացակա է, սցենարիստն ինքն է իրեն կիսում՝ դառնալով սցենարիստ և ռեժիսոր։ Բայց, ամեն դեպքում, թատրոնը միշտ ավելին է։
-Հիշեցի Մհեր Մկրտչյանի խոսքը։ Ասում էր՝ «Թատրոնն իմ կինն է, իսկ կինոն՝ իմ սիրուհին»։ Փաստորեն, թատրոնն իմ ամուսինն է, իսկ կինոն կամ սերիալները՝ իմ սիրեկանները:
-Դե, տեսնում եք, տիկին Աղասարյան, իսկ Դուք ասում եք, թե մենակ եք և ամուսին չունեք։ Այնքան խոսեցինք, որ գտանք նաև Ձեր ամուսնուն և նույնիսկ՝ սիրեկաններին:
-(Ծիծաղում է) Այո, գտանք: Բայց, գիտեք, ես առանց կուտակումների գրել չես կարող։ Եթե բիոլոգիական տեսակով գրող ես, չես կարող չգրել։
-Իսկ Հրանտ Մաթևոսյանն ինչպե՞ս լռեց ու լռեց։
-Գրելն ուրիշ է, արտադրանք տալն՝ ուրիշ: Ստեղծագործողի պարապուրդը շատ հարաբերական է, այն կուտակման շրջան է։
-Հիմա երկու պարադոքս՝ մի կողմից ստեղծագործելը նաև ֆիզիովիճակ է և անընդհատ մարզումներ է պահանջում, իսկ մյուս կողմից՝ ասվում է, որ երկարատև լռությունն է բերում ստեղծագործական մեծ պայթյունների. մեծ ստեղծագործությունը ծնվում է մեծ լռությունից հետո։ Հիմա ո՞րն է ինչպես ասում են, հոգեպես ավելի ազնիվ։
-Գիտե՞ք, երկուսն էլ։ Որովհետև երբ դու չես գրում, միևնույն է, գրում ես։ Ստեղծագործող մարդն անընդհատ է ստեղծագործում.մի նկարչի գործ են պատվիրում և դրա դիմաց նա բավականին լուրջ գումար է պահանջում։ Ընդամենը երկու սեանսից հետո նկարիչը հանձնում է դիմանկարը։ Պատվիրատուն վրդովվում թե՝ «Ընդամենը երկու օրվա համար նման գումար պահանջեցիք»։ Նկարիչն ասում է՝ «Այո, տիկին, այս նկարի վրա ես աշխատել եմ երկու օր, գումարած իմ ամբողջ կյանքը»։ Այնպես որ, եթե անգամ ստեղծագործողի արտադրանքի ստեղծումն ընդամենը երկու օր է տևում, ամենևին էլ չի նշանակում, թե նա երկու օրվա նյութ է տալիս։ Համլետի ասած՝ «Եթե ժամանակը հոդախախտ է», միևնույն է՝ տեղը կընկնի։
-Հենց այդպե՞ս, առանց մեր միջամտությա՞ն, ինչպե՞ս:
-Ես ինչպե՞ս, ի՞նչ անել հարցերի պատասխանը չգիտեմ։ Դրանց պատասխանները 5000 տարի է՝ չկան։ Ես ընդամենը դիտում եմ ու փորձում ինչ-որ բան հասկանալ։ Եվ ինչքան հասկանում եմ, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ ոչինչ չեմ հասկանում։
Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի










