Ազնավուրը մտադիր է Թուրքիա այցելել. «Ցանկանում եմ գնալ այն երկիրը, որտեղ ծնվել է մայրս»

14:36 • 01.10.13

Լուսանկարում՝ Ազնավուրը Մոնտելիմար քաղաքում

 

Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի Կոնգրեսների պալատը հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչելու առթիվ ֆրանսիական «Le Dauphiné Libéré» ամսագիրը հարցազրույց է վերցրել շանսոնյեից։

 

Հարցազրույցում Ազնավուրն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:

 

«Ես կողմ եմ Թուրքիայի հետ մերձեցմանը: Հայերն ինձ հետ այս հարցում համաձայն չեն: Բայց կան մտավորականներ, ովքեր կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա:

 

Շանսոնյեն հավելել է, որ նախատեսում է Թուրքիա այցելել: «Բայց ես չեմ ուզում, որ խոսեն ո՛չ Հայկական հարցի, ո՛չ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին: Ցանկանում եմ պարզապես գնալ այն երկիրը, որտեղ ծնվել է մայրս»,-ասել է նա:

 

Ազնավուրը նշել է, որ սիրում է թուրք ժողովրդին, և երբ ինչ-որ բան է ասում, դա Անկարայի դեմ է և ոչ թուրք ժողովրդի:

 

Պատասխանելով Թուրքիա գնալու հետ կապված վտանգի մասին հարցին՝ Ազնավուրը պատասխանել է, որ իր տարիքում վտանգն այլևս մեծ բան չէ, իսկ ինքը երբեք վախկոտ չի եղել: