Փրկե՛ք մեր հոգիները. Московский Комсомолец-ի անդրադարձը Սոս Սարգսյանին
Լուսանկարը՝ ըստ «Արմենպրեսի»
Սոս Սարգսյանի մահվան օրից յոթ օր է անցել։ Նա 20-րդ դարի հայ մեծագույն դերասաններից վերջինն էր։ Այսպես է սկսում հայ մեծագույն արտիստի մասին իր անդրադարձը «Московский Комсомолец»-ը՝ հավելելով. «Ցավոք, մեր հեռուստատեսությունը ցույց չտվեց, թե ինչպես են նրան հրաժեշտ տալիս։ Իսկ միգուցե ավելի լավ, որ ցույց չտվեց։ Հեռուստադիտողների մոտ կարող էին անիմաստ մտքեր առաջանալ»։
Ալեքսանդր Մինկինի հոդվածը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Դերասանի հուղարկավորությունը կիրակի էր։ Հազարավոր մարդիկ էին այցելել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Թափորին ուղեկցում էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, հոգևորականներ...
Հոգեհանգստի արարողության ժամանակ խոսեցին ՀՀ մշակույթի նախարարը, 2 գրող։ Քահանան կարդաց Կաթողիկոսի ուղերձը։ Նախագահը կանգնած էր լուռ. նշվեց, որ նա ցավակցական հեռագիր է հղել, որի տեքստը, սակայն, չընթերցվեց։
Դագաղը դուրս բերվեց բազմահազարանոց հրապարակ։ Ամբոխը ծափահարում էր։ Մարդիկ դագաղը տանում էին ոչ թե ուսերին դրած, այլ վերև պարզած ձեռքերի վրա, և Սոսի դեմքը տեսանելի էր բոլոր կողմերից։ Գրեթե մեկուկես ժամ նրան տանում էին Օպերայից մինչև Պանթեոն։
Այդ ամբողջ ընթացքում մարդիկ ծափահարում էին։ Այդ ողջ ժամանակահատվածում ամբոխի հետ քայլում էր նախագահը, կառավարության անդամները։ Սև կոստյումներով՝ այրող արևի տակ։ Վեց կիլոմետր։
Երթևեկությունը լայն պողոտաներում կանգնեցված էր։ Տների պատուհաններից, տրոլեյբուսներից մարդիկ ծափահարում էին։ Եվ այդ մեկուկես ժամվա ընթացքում ոչ մի բղավոց, ոչ մի հատուկ ազդանշան։
Ո՞վ պետք է մահանա Ռուսաստանում, որպեսզի նրան մեկուկես ժամ ձեռքերի վրա տանեն։ 33 տարի առաջ նման մարդ կար։ Վլադիմիր Վիսոցկուն ձեռքերի վրա թեկուզ մինչև Մագադան կտանեին։
Ո՞վ պետք է մահանա Ռուսաստանում, որպեսզի մեր նախագահը մեկ ժամից ավելի քայլի դագաղի ետևից։ Եվ եթե նույնիսկ նա գնա, ապա պատուհանները և կոյուղիներն ամուր կփակվեն, մարդկանց ետ կհրեն, իսկ ավելի շուտ կշրջափակեն հատուկջոկատայինները, քաղաքը կմաքրեն։
Պանթեոնում նախագահը կրկին լուռ էր։ Ելույթներ չեղան։ Դագաղն իջեցրին։ Մարդիկ լուռ մոտենում էին՝ մի կտոր հող նետելու համար։ Կարծես թե բահերը պետք չեկան։
Սոս Սարգսյանի մասին ռուսական մամուլը սեպտեմբերի 26-ին գրեց՝ «Մահացել է հայտնի...», «Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ...», «Մահացել է վաստակավոր....»։
Ռուսաստանից ոչ ոք չկար ԽՍՀՄ ժողովրդական արտիստին հրաժեշտ տալու ժամանակ։ Ոչ պաշտոնյաներ, ոչ ստեղծագործական միությունների անդամներ։
Վշտի պահին կողքին լինելը նորմա է։ Ում համար նորմա, իսկ ում համար էլ՝ ոչ։ Բացի այդ, կա սեփական վիշտ, և կա ուրիշի վիշտ։
Երկրի իշխանությունների վարքն աշխարհում ընկալվում է որպես երկրի վարք։ Ցավոք...
Ռուսների ականջի համար Սոսը ծիծաղելի անուն է։ SOS՝ «փրկե՛ք մեր հոգիները», տագնապի ազդանշան, որն ընդհանուր է ամբողջ մարդկության համար...
Ռուսաստանում «երկրորդ հոգեհանգիստը» կազմակերպում են 9-րդ օրը։ Հոգևորականները բացատրում են, որ այդ ընթացքում մարդու հոգին բարձրանում է առ Աստված, պետք է աղոթել՝ նրան օգնելու համար։
Հայաստանում «երկրորդ հոգեհանգիստը» յոթերորդ օրն է։ Մի՞թե այնտեղ՝ լեռներում, ճանապարհը 2 օր կարճ է»։










